Արսեն Թորոսյանն Արարատի մարզում այցելել է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ
1 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Միասնական սոցիալական ծառայության Արարատի, Մասիսի, Արտաշատի և Վեդու տարածքային կենտրոններ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում են նախարարությունից:
Արարատի մարզ կատարած այցի շրջանակում Արսեն Թորոսյանը եղել է նաև պետության կողմից արտապատվիրակման միջոցով ծառայություններ մատուցող «Ձեզ համար» և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունների երեխաների զարգացման և տարեցների ցերեկային կենտրոններում։
Նախարար Թորոսյանը շրջայց է կատարել կենտրոններում, ծանոթացել երեխաներին ու տարեցներին մատուցվող ծառայություններին, շփվել նրանց հետ։
«Ձեզ համար» երեխաների ցերեկային կենտրոնի աշխատակիցների և շահառուների ծնողների հետ քննարկվել են նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունների շրջանակի բարելավման հարցերը։