Մշակույթ

Ֆիլհարմոնիան 2026-ը կմեկնարկի Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ջութակահար Անդրեա Չիկալեզեի համերգով

2 րոպեի ընթերցում

Ֆիլհարմոնիան 2026-ը կմեկնարկի Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ջութակահար Անդրեա Չիկալեզեի համերգով

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հունվարի 10-ին երաժշտասերներին կներկայանա 2026 թվականի առաջին համերգով։ Համերգասրահի բեմում կլինեն Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու միջազգային ճանաչում վայելող երիտասարդ ջութակահար Անդրեա Չիկալեզեն (Գերմանիա)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին կհնչի դասական երաժշտության երկու գլուխգործոց՝ Պյոտր Չայկովսկու Ջութակի կոնցերտը ռե մինոր, ստ. 35 և Ֆրանց Շուբերտի թիվ 8 սիմֆոնիան («Անավարտ»)։

Համերգը կղեկավարի դիրիժոր Արմեն Կարճյանը։

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1988 թվականի երկրաշարժից 4 տարի անց՝ 1992 թվականի սկզբին, երբ ավերված քաղաքում մի խումբ երաժիշտներ ու մշակութային գործիչներ սեփական նախաձեռնությամբ ձեռնամուխ եղան պրոֆեսիոնալ նվագախմբի ստեղծմանը։

Այն պետական կարգավիճակ է ստացել 1993 թվականին։ Նվագախումբը տարիներ շարունակ ակտիվ դեր է խաղում երկրի մշակութային կյանքում՝ իր բարձր կատարողական մակարդակով, ժամանակակից ու դասական լայն ռեպերտուարով և համագործակցություններով անվանի դիրիժորների ու մենակատարների հետ։

Անդրեա Չիկալեզեն համաշխարհային երաժշտական ասպարեզում արագ վերելք ապրող երիտասարդ ջութակահար է, որն արդեն հասցրել է գրավել միջազգային մամուլի և մասնագիտական հանրության ուշադրությունն իր յուրահատուկ երաժշտականությամբ ու վիրտուոզ տեխնիկայով։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նա հանդես է գալիս որպես մենակատար աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում, Համբուրգի Էլբֆիլհարմոնիայում, Ցյուրիխի Տոնհալլեում, Թուրինի RAI համերգասրահում և այլուր։ 2025 թվականին Անդրեան պայմանագիր է կնքել Sony Classical լեյբլի հետ և ներկայումս նվագում է 1731թ. Guarneri del Gesù ջութակով՝ տրամադրված Adopt a Musician միջազգային բարեգործական նախաձեռնության կողմից։ Համագործակցում է առաջատար դիրիժորների և նվագախմբերի հետ Եվրոպայում ու ԱՄՆ-ում, ինչպես նաև մշտական հյուր է հեղինակավոր միջազգային փառատոների՝ դիրքավորվելով որպես իր սերնդի ամենախոստումնալից երաժիշտներից մեկը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում