Հասարակական

Դատարանը փոխել է Սամվել Կարապետյանի խափանման միջոցը

2 րոպեի ընթերցում

Դատարանը փոխել է Սամվել Կարապետյանի խափանման միջոցը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մասնակիորեն բավարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների միջնորդությունը` նրա նկատմամբ կալանք խափանման միջոցը փոխարինելով տնային կալանքով և գրավով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ 

Նա հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025-ի հունիսի 18-ից, իսկ նոյեմբերի 18-ին կալանքը երկարաձգվել է երկու ամսով։ 

«Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն: Քննության առնելով մեր միջնորդությունը Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ», - գրել է նա սոցցանցային իր էջում։ 

Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ 

Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։ 

Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում