ԱՆ-ն ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին հաճախ հնչող հարցերի պատասխանները
3 րոպեի ընթերցում
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին քաղաքացիներին ամենաշատը հուզող, հաճախ տրվող հարցերի պատասխանները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքացիներին հուզող հարցերից է՝ եթե աշխատակիցն ունի մասնավոր առողջապահական ապահովագրություն և ստանում է 200 001 դրամ աշխատավարձ, ինչպե՞ս է իրականացվում առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարի հաշվարկը։ Նախարարությունից պարզաբանել են, որ գործող մասնավոր ապահովագրության առկայությունը չի ազատում առողջության համընդհանուր ապահովագրության համար վճարելու պարտականությունից։ Եթե աշխատավարձը գերազանցում է սահմանված շեմը, ԱՀԱ-ի ապահովագրավճարը հաշվարկվում է ընդհանուր կարգով։
Եթե անհատ ձեռնարկատերն իր աշխատակիցների համար ապահովում է առողջապահական մասնավոր ապահովագրություն, ապա միևնույն է, նա պարտավոր է վճարել նաև առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարը։
«Մասնավոր ապահովագրության առկայությունը չի փոխարինում ԱՀԱ-ին և չի ազատում ապահովագրավճարից։ Քաղաքացին կարող է շարունակել հավելյալ փաթեթներ ձեռք բերել մասնավոր ապահովագրական ընկերություններից»,-տեղեկացրել են Առողջապահության նախարարությունից:
Գերատեսչությունից նաև անդրադարձել են ԼՂ-ից տեղահանված անձանց վերաբերյալ հարցին՝ տեղեկացնելով, որ ԼՂ-ից տեղահանված անձինք ներառվում են սոցիալական հատուկ խմբերի մեջ և ստանում են իրենց հասանելի ծառայությունները պետական պատվերի շրջանակում, իսկ ովքեր ստանում են 200 001-ից ավելի աշխատավարձ, ներառվում են ապահովագրական համակարգում:
Քաղաքացիները նաև հետաքրքրվել են՝ եթե քաղաքացին աշխատում է ժամավճարային հիմունքով և ամեն ամիս ստանում է տարբեր աշխատավարձ (օրինակ՝ մեկ ամիս՝ 195.000 դրամ, մյուսը՝ 300000 դրամ կամ բոնուսների պատճառով կարող է գերազանցել նույնիսկ 500000 դրամը), այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում ապահովագրավճարը։
«Ապահովագրված անձի կարգավիճակ ունեցողների համար ապահովագրավճարը վճարվում է` ելնելով աշխատավարձի չափից։ Մինչև 500000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 4800 դրամ, իսկ 500001 և ավելի դրամ աշխատավարձի դեպքում՝ 10800 դրամ»,-հայտնել են ԱՆ-ից:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ Առողջապահության նախարարության կայքում: