Միացյալ Նահանգներ

Կրեմլը վերլուծել է Դմիտրիևի զեկույցը Մայամիի բանակցությունների արդյունքների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Կրեմլը վերլուծել է Դմիտրիևի զեկույցը Մայամիի բանակցությունների արդյունքների վերաբերյալ

Կրեմլում վերլուծել են այն տեղեկատվությունը, որը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է տրամադրել Մայամիում կայացած իր բանակցությունների արդյունքների շուրջ։ Դրանից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի վարչակազմերի ներկայացուցիչների միջև շփում է տեղի ունեցել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այն բանից հետո, երբ Կիրիլ Դմիտրիևը նախագահին զեկուցել է Ամերիկա կատարած իր ուղևորության արդյունքների մասին, ամերիկացիների հետ իր շփումների արդյունքների մասին, այդ տեղեկատվությունը վերլուծվել է, և նախագահ Պուտինի հանձնարարությամբ կայացել է շփում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների վարչակազմերի ներկայացուցիչների միջև», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ կողմերը «պայմանավորվել են շարունակել երկխոսությունը»։

Հարցին, թե ով է հատկապես ներկայացրել ՌԴ-ն և ԱՄՆ-ն վերջին շփումների ընթացքում, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Կարող եմ ասել, որ նախագահի վարչակազմից եղել է (նախագահի օգնական) Յուրի Ուշակովը, իսկ Սպիտակ տնից եղել են մի քանի զրուցակիցներ»։

Դեկտեմբերի 20-ին և 21-ին ամերիկյան կողմը Ֆլորիդայում առանձին բանակցություններ է վարել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ։ Տեղի են ունեցել նաև եռակողմ բանակցություններ եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցություններն անվանել է կառուցողական և արդյունավետ։

Դեկտեմբերի 24-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին անգամ հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում