Արտաշատում հայտնաբերված եկեղեցին քրիստոնեական աշխարհի վաղ շրջանի համար ունի բացառիկ արժեք. Մկրտիչ Զարդարյան

6 րոպեի ընթերցում

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, Արտաշատի արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը մանրամասներ է ներկայացրել Արտաշատում շարունակվող պեղումներից, որոնց արդյունքում հայտնաբերվել է 4-րդ դարի առաջին երեսունամյակին թվագրվող եկեղեցին։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Զարդարյանը նշել է,  որ հայտնագործությունն իրականացրել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների համատեղ  արշավախումբը: 

Եկեղեցին գտնվում է քաղաքի 17-րդ բլրի արևելյան լանջին և զբաղեցնում է մոտ 1000 քառակուսի մետր տարածք:  

Հնագետի խոսքով՝ հայտնաբերված կառույցը բացառիկ է իր ճարտարապետական լուծումներով. այն առաջինն է Հայաստանում՝չորս խաչաձև ելուստներով: 

Զարդարյանն ընդգծում է, որ այս տիպի եկեղեցիներ մեր տարածաշրջանում մինչև այժմ հայտնի չեն եղել, սակայն նման  օրինակներ  հայտնի են Արևելյան Միջերկրականի տարածաշրջանից, որտեղ նման կառույցներն ի հայտ են գալիս հենց մեր թվարկության 4-րդ դարից սկսած:

«Վաղագույն եկեղեցու ժամանակագրությունը հաստատվել  է հնագիտական ուսումնասիրությունների և ռադիոկարբոնային անալիզների միջոցով։ Կառույցը թվագրվում է  4-րդ դարի առաջին երեսունամյակին և դասվում է Գրիգոր Լուսավորչի և Տրդատ 3-րդ թագավորի օրոք կառուցված վաղագույն եկեղեցիների շարքին»,-ասաց նա:         

Հայաստան

Արտաշատում հայտնաբերվել է Հայաստանում կառուցված ամենահին եկեղեցին. Արսեն Բոբոխյանը՝ Արտաշատում պեղումների արդյունքների մասին

Պեղումները Հին Արտաշատում շարունակվում են արդեն երկու տարի: Աշխատանքները իրականացվում են ավանդական հնագիտական մեթոդների և ժամանակակից գեոֆիզիկական հետախուզության զուգակցմամբ, ինչը թույլ է տալիս նախապես ուրվագծել դեռևս չբացահայտված հատվածները:

«Մինչ այժմ ուսումնասիրվել են չորս ելուստներից երեքը, իսկ չորրորդի ուրվագիծը հայտնի է գեոֆիզիկական տվյալների շնորհիվ: Կենտրոնական հատվածի ուսումնասիրությունները վկայում են, որ եկեղեցին եղել է կղմինդրածածկ, ինչը բնորոշ է անտիկ դարաշրջանի ճարտարապետական կառույցներին և հազվադեպ է հանդիպում հայկական վաղ եկեղեցաշինության մեջ»,-նշեց Մկրտիչ Զարդարյանը: 

Եկեղեցին կառուցված է քարով և սվաղված սպիտակ կրասվաղով: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ մարմարե սալիկներ, որոնց անալիտիկ ուսումնասիրությունը  ցույց է տվել, որ դրանք բերվել են Փոքր Ասիայի Դոգիմենյան քարհանքերից: Այս հանգամանքը վկայում է Արտաշատի՝որպես անտիկ դարաշրջանի խոշոր կենտրոնի, լայն միջազգային կապերի մասին:

«Արտաշատ մայրաքաղաքը  զբաղեցրել է առնվազն 700 հեկտար տարածք և իրավամբ համարվում է անտիկ դարաշրջանի մեգապոլիսներից մեկը: Քաղաքը բաժանված է վերին և ստորին հատվածների: Վերին քաղաքը տեղակայված է  Խոր Վիրապի 18 բլուրների վրա, որոնցից մինչ օրս պեղվել է ընդամենը երեքը: Վերջին տարիներին քաղաքում իրականացվել են  նաև գեոֆիզիկական հետազոտություններ՝ 60 հեկտար տարածքում»,- ասաց արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը:     

Մասնագետների գնահատմամբ՝ այդ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալները շլացուցիչ են և վկայում են ապագա մեծ բացահայտումների մասին: Գեոֆիզիկական հետախուզությունը թույլ է տալիս պատկերացում կազմել ստորգետնյա կառուցվածքների մասին դեռևս մինչ դրանց հնագիտական վերհանումը,սակայն վերջնական արդյունքը հնարավոր կլինի միայն ժամանակատար և մանրակրկիտ պեղումների միջոցով: 

Բուն պեղումները իրականացվում են տարաբնույթ հնագիտական մեթոդներով, իսկ տեխնոլոգիական բաղադրիչը վերաբերում է հնագիտական նյութերի կամերալ ուսումնասիրությանը՝ կիրառելով բազմազան անալիտիկ միջոցներ: Ժամանակակից հնագիտությունը վաղուց այլևս  սահմանափակված չէ միայն պեղումներով. այն ձեռք է բերել միջգիտական հետազոտությունների կարգավիճակ քիմիական, ֆիզիկական,գեոֆիզիկական և այլ հետազոտական մեթոդների ներգրավմամբ:

Պեղումները շարունակվում են նաև Արտաշատի գետամերձ թաղամասում՝ Արաքսի ափից մոտ 70 մետր հեռավորության վրա: Այստեղ հայտնաբերվել են բաղնիքներ խճանկարներ, որմնանկարներ և այլ եզակի գտածոներ, որոնք բացահայտում են քաղաքի կյանքը նոր տեսանկյունից: 

Նախատեսվում է նաև պետական ծրագրի շրջանակում գետամերձ թաղամասի  կոնսերվացիա և դրա ընդգրկում զբոսաշրջային շրջանառության մեջ:

«Հին Արտաշատում հայտնաբերված ութանկյուն եկեղեցին ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ քրիստոնեական աշխարհի վաղ շրջանի համար ունի բացառիկ արժեք: Նոր բացահայտումները հնարավորություն կտան ավելի ամբողջական պատկերացում կազմել Արտաշատի, Հայաստանի և տարածաշրջանի վաղ քրիստոնեական ճարտարապետության, հոգևոր կյանքի և քաղաքական պատմության մասին»,-եզրափակեց Մկրտիչ Զարդարյանը:

Լուսինե Ջալալյան 

Հայերեն فارسی Русский

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Հավերժական խնդիրները՝ Սերժ Ավետիքյանի ֆիլմերում. «ՌեԱ» փառատոնին ցուցադրվեցին ռեժիսորի անիմացիոն կինոնկարները

Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ

Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական պոեմը՝ հիմնված Իսահակյանի բանաստեղծությունների վրա․ պրեմիերա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպում է անցկացնում եվրոպացիների հետ