Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 8․3 տոկոսով
4 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8․3 տոկոսով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ դեկտեմբերի 25-ին հրապարակված ամփոփագրում։
Այս տարվա հոկտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է 0.1 տոկոսով, սակայն 10․4 տոկոսով բարձր է եղել 2024 թվականի նոյեմբեր ամսվա տվյալից։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-նոյեմբերին 0․5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 2 տրլն 810 մլրդ 197․1 մլն դրամ։ Նոյեմբերին՝ մեկամսյա կտրվածքով աճել է 12․8 տոկոսով՝ կազմելով 401 մլրդ 247 մլն դրամ։ 2024-ի նոյեմբերի համեմատ, աճը 31․7 տոկոս է։
Շինարարության ծավալն այս տարվա առաջին 11 ամիսներին աճել է 20․1 տոկոսով՝ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս ընթացքում կատարվել է 644 մլրդ 590․2 մլն դրամի շինարարական աշխատանք։ Դա 4․3 տոկոսով գերազանցել է հոկտեմբերին իրականացված աշխատանքների ծավալը։ Նոյեմբերին՝ մեկամյա կտրվածքով շինարարության ծավալն աճել է 17․2 տոկոսով՝ կազմելով 93 մլրդ 155․7 մլն դրամ։
Առևտրի շրջանառությունը հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3 տոկոսով՝ կազմելով 5 տրլն 965 մլրդ 235․5 մլն դրամ։ Նոյեմբերին շրջանառությունը կազմել է 641 մլրդ 312․3 մլն դրամ։ Հոկտեմբերի համեմատ շրջանառությունն ավելացել է 5․9, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 1․5 տոկոսով։
Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) հունվար-նոյեմբերին 10․9 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմել է 3 տրլն 690 մլրդ 4․5 մլն դրամ։ Նոյեմբերին գնահատվել է 357 մլրդ 548 մլն դրամ, ինչը 2.3 տոկոսով ցածր է հոկտեմբերի ցուցանիշից, սակայն 11․2 տոկոսով նախորդ տարվա նոյեմբերի տվյալը։
Սպառողական գների ինդեքսը 2025-ի 11 ամիսներին 3․3 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նոյեմբերին՝ նախորդ ամսվա համեմատ աճել է 0․6, իսկ 2024-ի նոյեմբերի համեմատ՝ 3․1 տոկոսով։
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-նոյեմբերին աճել է 3․6 տոկոսով։ Հոկտեմբերի համեմատ աճը 0․7, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 6․2 տոկոս է։
2025 թվականի 11 ամիսներին երկրում արտադրվել է 2․8 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 8 մլրդ 225․3 մլն կիլովատ/ժամ։ Նոյեմբերին արտադրվել է 783.2 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 7․9 տոկոսով գերազանցում է հոկտեմբերի ցուցանիշը, սակայն 8․9 տոկոսով զիջում է նախորդ տարվա տվյալին։
Սույն ցուցանիշում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (դեկտեմբեր՝ 894.4, հունվար՝ 879.5, փետրվար՝ 778.7, մարտ՝ 789.2, ապրիլ՝ 667.9, մայիս՝ 634.2, հունիս՝ 605.6, հուլիս՝ 700.4, օգոստոս՝ 755.5, սեպտեմբեր՝ 675.2, հոկտեմբեր՝ 717.4, նոյեմբեր՝ 859.6) այն ևս ներառված չէ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի և միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։