Տնտեսություն

Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 8 տոկոսով

4 րոպեի ընթերցում

Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 8 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մայիս ամիսներին 8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Մայիսին այս ցուցանիշը 9․9 տոկոսով բարձր է եղել ապրիլի և 11․7 տոկոսով՝ 2025 թվականի գարնան վերջին ամսվա տվյալից:

Առավել մեծ աճը դարձյալ գրանցվել է շինարարության ոլորտում։ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին այն 24․1 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից՝ գնահատվելով 207 մլրդ 336․6 մլն դրամ։ Մայիսին՝ ապրիլի համեմատ շինարարության ծավալներն աճել են 27․2 տոկոսով՝ գնահատվելով 62 մլրդ 687․5 մլն դրամ։ Նախորդ տարվա մայիսի համեմատ աճը 27․1 տոկոս է:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-մայիսին 12․2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը՝ կազմելով 1 տրլն 265 մլրդ 799․5 մլն դրամ: Մայիսին՝ ապրիլի համեմատ գրանցվել է 1․2, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 9․5 տոկոսով աճ: Մայիսին արտադրվել է 262 մլրդ 994.4 մլն դրամի արդյունաբերական արտադրանք:

Առևտրի շրջանառությունը տարվա առաջին հինգ ամիսներին 1․2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ հասնելով 2 տրլն 569 մլրդ 916․4 մլն դրամի: Մայիսին՝ ապրիլի համեմատ նվազել է 1․6 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ մնացել է անփոփոխ։ Մայիսին իրականացվել է 555 մլրդ 780․5 մլն դրամի առևտուր:

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) հունվար-մայիսին 9․1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ կազմելով 1 տրլն 733 մլրդ 631․8 մլն դրամ: Մայիսին՝ ապրիլի համեմատ աճել է 6․9, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 14․7 տոկոսով: Մայիսին ծառայությունների ծավալը գնահատվում է 391 մլրդ 309․4 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը հունվար-մայիսին 4.5 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Մայիսին՝ ապրիլի համեմատ նվազել է 0.8, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 4.2 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-մայիսին 8․9 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշից: Մայիսին՝ ապրիլի համեմատ աճել է 1․6, իսկ 2025-ի մայիսի համեմատ՝ 9 տոկոսով:

Հայաստանում այս տարվա հունվար-մայիսին արտադրվել է 3 մլրդ 994 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 7.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մայիսին՝ ապրիլի համեմատ արտադրությունը կրճատվել է 2․3, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 13․3 տոկոսով: Մայիսին արտադրվել է 656.9 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա:

Սույն ցուցանիշում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (մայիս՝ 579.8) այն ևս ներառված չէ:

Հաշվետու ժամանակաշրջանում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի և միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։ 

Կարդացեք հոդվածը` English中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում