Սոցիալական հարցեր

Արսեն Թորոսյանը հերքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, թե ՀՀ գործող իշխանությունները չեն կարողացել նվազեցնել աղքատության ցուցանիշը

4 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը հերքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, թե ՀՀ գործող իշխանությունները չեն կարողացել նվազեցնել աղքատության ցուցանիշը

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի գործող իշխանությունները իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում չեն կարողացել նվազեցնել աղքատության մակարդակը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հերքել է Նարեկ Կարապետյանի այդ հայտարարությունը՝ իր հերթին «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչներին մեղադրելով աղքատության խորացմանը նպաստելու մեջ։

«Հարգելի հայրենակիցներ, այսօր պետք է անդրադառնամ հայտնի ռուս օլիգարխի կողմից ստեղծված շարժման հերթական մանիպուլյացիային, որը պնդում է, որ մենք չենք կարողացել իջեցնել աղքատությունը Հայաստանում. մի շարժում, որ ինքն է նպաստել աղքատության խորացմանը՝ ՀԷՑ-ի միջոցով, ըստ էության, գողանալով մեզնից յուրաքանչյուրից՝ կազմակերպելով բարձր գնով տենդերներ, վարձակալությամբ վերցնելով ինչ-որ անհասկանալի մեքենաներ, հավելագրումներ կատարելով մեր հաշվիչների վրա։ Եվ հիմա նրանք խոսում են ինչ-որ աղքատությունից, որը մենք չենք կարողացել նվազեցնել, ինչն, ի դեպ, ամբողջովին հակառակն է»,- ասել է Թորոսյանը։ 

Թորոսյանը ներկայացրել է ծայրահեղ աղքատության ցուցանիշը 2024 թվականի արդյունքներով, որը, ըստ նախարարի, ավելի ցածր է, քան եղել է 2021-2023 թվականներին։  

«Առաջինը ծայրահեղ աղքատության թվերի մասին եմ ուզում խոսել. նույնը, ի դեպ, սովորական աղքատությանն է վերաբերում, բայց ծայրահեղ աղքատությունն ամենակարևոր ցուցանիշներից է, որը մենք 2024 թվականին արձանագրել ենք 0.6 տոկոս, ավելի ցածր քան 2023-ին, 2022-ին և 2023-ին, և ես վստահ եմ, որ 2025-ին մենք շատ ավելի լավ ցուցանիշներ ենք ունենալու»,- ասել է նախարարը։  

Արսեն Թորոսյանը հավելել է, որ 2018 թվականի մայիսին Հայաստանում եղել է 563 հազար աշխատատեղ, իսկ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ 810 հազար աշխատատեղ, աճը՝ 44 տոկոս։ 

«Դրանք իրական աշխատատեղեր են, որտեղ մարդիկ աշխատում են և վաստակում են իրենց ապրուստը՝ գնալով ստանալով ավելի շատ աշխատավարձ։ Եվ մենք աղքատության դեմ պայքարը և աղքատությունից դուրս գալը պատկերացնում ենք հենց աշխատանքով, և ոչ թե ինչ-որ փրկիչ բարերարների, ռուս օլիգարխների կողմից, որոնք կգան և կփրկեն բոլորիս։ Մենք կուշտ ենք բոլոր տեսակի փրկիչներից, ինքներս պետք է վերցնենք մեզ աղքատությունից հանելու պատասխանատվություն, ինչն արել ենք և անում ենք։ Կոչ եմ անում չտրվել տարբեր շարժումների կողմից մանիպուլյացիաներին, որոնք սովորաբար իրենք են նպաստած լինում ամեն ինչին, այս դեպքում՝ աղքատությանը»,- եզրափակել է Թորոսյանը։ 

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Վրաստանում աղքատությունը մեկ տարում նվազել է 2.4 տոկոսով, իսկ Հայաստանի գործող իշխանությունը իր կառավարման ժամանակահատվածում չի կարողացել աղքատությունը նվազեցնել նույնիսկ 2.4 տոկոսով։ Կարապետյանը կարծիք էր հայտնել, թե իր հորեղբայրը՝ գործարար Սամվել Կարապետյանը, հազարավոր մարդկանց կհանի աղքատությունից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում