Էդվարդ Միլիտոնյանի «Վահագն վիշապաքաղի արկածները» վեպը թարգմանվել է արաբերեն
3 րոպեի ընթերցում

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի «Վահագն վիշապաքաղի արկածները» վեպը, որում ներդաշնակվում են իրականությունն ու առեղծվածը, թարգմանվել է արաբերեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքն արաբերեն է թարգմանել սիրիահայ գրող Տիգրան Գաբոյանը։
Այն լույս է տեսել Դամասկոսում, հրատարակել է «Տար ալ հիլալ» հրատարակչությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում։
«Հայ գրողների գործերը հաճախ են թարգմանվում արաբերեն և ներկայացվում արաբ ընթերցողին։ Սա Միլիտոնյանի երկրորդ գիրքն է, որն արաբերեն է թարգմանվում։ Երկու գրքերն էլ հրատարակվել են Դամասկոսում: Հայ մտավորականությունը, որն ապրել է Սիրիայում և Լիբանանում, իր ներկայությամբ մեծ դերակատարություն է ունեցել գրական կյանքի զարգացման մեջ։ Արաբ գրական ու մշակութային հասարակությունը միշտ գնահատել և արժևորել է հայ գրականությունն ու մշակույթը»,-նշում է Գաբոյանը։
Միլիտոնյանի խոսքով՝ «Վահագն վիշապաքաղի արկածները» վեպը շատ հետաքրքիր սյուժե ունի։ Ըստ առասպելի՝ Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է չար ուժերը մարմնավորող վիշապների դեմ, ինչի շնորհիվ էլ նրան տրվել է Վիշապաքաղ մականունը։
Միլիտոնյանը չի գրել այն, ինչ կա առասպելում, նոր սյուժե է հորինել։ «Սա աստվածային վեպ է, իսկ աստվածները միշտ հետաքրքրում են երեխաներին, պատանիներին։ Գրելու ոճը ևս կարևորում եմ. վեպում հումորով նկարագրվում են մի շարք հետաքրքիր միջադեպեր, որոնք տեղի են ունենում աշխարհի տարբեր երկրներում։ Վահագնը նաև Եգիպտոսում է լինում, ուստի այս գիրքն արաբերեն թարգմանությամբ կարող է նաև եգիպտացի երեխաներին հետաքրքրել։ Հին աշխարհն իր երկրներով ընդգրկված է գրքում»,-պատմում է գրողը։
Մի քանի տարի առաջ Տիգրան Գաբոյանն արաբերեն է թարգմանել Միլիտոնյանի բանաստեղծությունների ժողովածուն։ «Այդ բանաստեղծություններում արծարծվում են նաև արաբական թեմաներ։ Սարի թաղում Լիբանանից, Սիրիայից հայրենադարձներ շատ կային։ Նրանք շատ էին պատմում այս երկրների մասին, ինչի արդյունքում ծնվեցին մի շարք բանաստեղծություններ՝ արաբական թեմաներով»,-ընդգծում է հեղինակը, որը բազմիցս այցելել է Հալեպ, Դամասկոս ու շատ լավ պատկերացնում է տեղի հայերի կյանքը։
«Վահագն վիշապաքաղի արկածները» Միլիտոնյանի 27-րդ գիրքն է, որը թարգմանվել է օտար լեզվով։ Մինչ արաբերեն թարգմանվելն այն լույս է տեսել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն. շուտով կտպագրվի նաև պարսկերեն։
Էդվարդ Միլիտոնյանի համոզմամբ՝ մանկապատանեկան գրականությունն աշխարհում մեծ պահանջարկ ունի և հնարավորություն է տալիս ներկայացնել տվյալ երկիրը, այս դեպքում՝ Հայաստանն իր աշխարհագրությամբ, ավանդույթներով, հասարակությամբ ու ինքնատիպությամբ։