Հայաստան

Դեսպան Մկրտչյանը Հունաստանում ներկայացրել է ընթացիկ տարում Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումները

3 րոպեի ընթերցում

Դեսպան Մկրտչյանը Հունաստանում ներկայացրել է ընթացիկ տարում Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանում գործող մի շարք հեղինակավոր երիտասարդական և քաղաքացիական կառույցների ներկայացուցիչների հետ և հանդես եկել դասախոսությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ դեսպան Մկրտչյանը հանդիպման ընթացքում ամփոփել է 2025 թ․ ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումները։

Նշվում է, որ դեսպանը մասնավորապես անդրադարձել է երեք ուղղություններով արձանագրված առաջընթացին։ 

«Նախ, ներկայացվել է օգոստոսին Վաշինգտոնում կնքված փաստաթղթերը և վաշինգտոնյան հռչակագիրը։ Այդ համատեքստում արձանագրվել է «Հանուն խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» կարևորությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում և վերջինիս իրավական ամրագրումը և աջակցությունը ԱՄՆ կողմից։ Քննարկվել են Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հեռանկարները և դրա արդյունքում տարածաշրջանային զարգացման հնարավորությունները»,-նշել է ՀՀ դեսպանությունը։

Հաղորդվում է, որ դեսպան Մկրտչյանն անդրադարձել է նաև 2025 թ․ հունվարին ՀՀ և ԱՄՆ-ի միջև հաստատված ռազմավարական գործընկերության փաստաթղթին՝ տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ենթաշերտերով։ Դեսպանը հավելել է, որ ռազմավարական հարաբերությունների ինստիտուցիոնալ բնույթը վերահաստատվել է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից ինչպես ԱՄՆ նախագահի կողմից, այնպես էլ Վաշինգտոնում կնքված երկկողմ փաստաթղթերի միջոցով։

Մանրամասն ներկայացվել է նաև Եվրոպական Միության հետ հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը, որի կարևորագույն բաղադրիչը հանդիսացավ դեկտեմբերին Բրյուսելում կնքված ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ Ներկայացվել է ԵՄ հետ բազմաշերտ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։

«Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան-Հունաստան բազմաոլորտ համագործակցությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքին, Հայաստան-ՌԴ և Հայաստան-Իրան հարաբերություններին, պատասխանել ներկաների բոլոր հարցերին»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել Միջազգային հարաբերությունների ուսանողական ասոցիացիայի (SAFIA), Միջազգային և Եվրոպական գործերի ասոցիացիայի (ODETH), Եվրոպացի երիտասարդ ֆեդերալիստների՝ Հունաստան (JEF Greece), EU Youth Hub–ի, Հանրային քաղաքականության Սիներգիա ինսիտուտի (Synergia Institute for Public Policy), Debate House երիտասարդական կառույցի և Հունական Ազգային Երիտասարդական Խորհրդի հինգ տասնյակից ավելի ներկայացուցիչները։

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում