Հայաստան

ՊԵԿ-ը հերքում է մաքսային միջադեպի կոծկման վերաբերյալ պնդումները

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը հերքում է մաքսային միջադեպի կոծկման վերաբերյալ պնդումները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական պարզաբանում է տարածել լրատվամիջոցներից մեկում հրապարակված նյութում ներկայացված պնդումների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք կարող են մոլորեցնել հանրությանը և չեն համապատասխանում փաստերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշել են, որ «Ագարակ» անցման կետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների չհայտարարագրման միջադեպը բացահայտվել է բացառապես Պետական եկամուտների կոմիտեի ներսում գործող վերահսկողական և ռիսկերի կառավարման մեխանիզմների շնորհիվ։ Դեպքի բացահայտումից անմիջապես հետո ձեռնարկվել են համապատասխան ծառայողական և իրավական գործողություններ։

Կոմիտեն ընդգծում է, որ մաքսային կանոնների խախտման հատկանիշներով նախաձեռնվել է վարչական վարույթ, իսկ պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածության վերաբերյալ բոլոր նյութերը սահմանված կարգով փոխանցվել են իրավասու քննչական մարմնին։ ՊԵԿ-ը հայտնել է, որ լիարժեք աջակցելու է քննությանը՝ անկախ որևէ անձի զբաղեցրած պաշտոնից։

Պարզաբանման մեջ նաև նշվում է, որ կոծկման կամ ապօրինի ներմուծում ապահովելու մասին պնդումները հակասում են փաստերի տրամաբանությանը, քանի որ հենց Կոմիտեի գործողությունների արդյունքում է բացահայտվել տվյալ դրվագը։

Միաժամանակ ՊԵԿ-ը անընդունելի է համարել չապացուցված ենթադրությունների և անձնական կամ բարեկամական կապերի վրա հիմնված ակնարկների շրջանառումը՝ հորդորելով լրատվամիջոցներին առաջնորդվել լրագրողական էթիկայի և հավաստի տեղեկատվության հրապարակման սկզբունքներով։

Պետական եկամուտների կոմիտեն վստահեցրել է, որ շարունակելու է գործել թափանցիկության, օրինականության և հաշվետվողականության սկզբունքներով և խստորեն արձագանքել ցանկացած խախտման՝ անկախ անձերից և հանգամանքներից։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում