Բանգլադեշում բողոքի ցույցեր են անցկացվում երիտասարդ առաջնորդի մահից հետո
2 րոպեի ընթերցում

Բանգլադեշում զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել երիտասարդ քաղաքական ակտիվիստ Շարիֆ Օսման Հադիի մահից հետո, որը 2024 թվականին վարչապետ Շեյխ Հասինայի պաշտոնանկությանը հանգեցրած ցույցերի ականավոր երիտասարդ առաջնորդներից էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of India-ն։
Հադին դեկտեմբերի 18-ին մահացել է Սինգապուրի հիվանդանոցում՝ դեկտեմբերի 12-ին Դաքքայում մահափորձի ժամանակ ստացած վնասվածքներից։
Հադիի մահվան լուրը տարածվելուն պես հազարավոր մարդիկ դուրս են եկել մայրաքաղաք Դաքքայի և երկրի այլ քաղաքների փողոցներ։ Նրանք մեղադրել են իշխանություններին Հադիին չպաշտպանելու համար։
Ցուցարարները հրդեհել և վանդալիզմի են ենթարկել երկու թերթերի՝ The Daily Star-ի և Prothom Alo-ի գրասենյակները։ Հրդեհվել է նաև նախկին իշխող «Ավամի Լիգա» կուսակցության գրասենյակը։
Ցուցարարները քարեր են նետել Բանգլադեշի Չիտագոնգ քաղաքում գտնվող Հնդկաստանի Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի վրա և Հնդկաստանի դեմ կարգախոսներ հնչեցրել: Նախկին վարչապետ Շեյխ Հասինան գտնվում է Հնդկաստանում։
Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար, Նոբելյան մրցանակակիր Մուհամմադ Յունուսը հանգստության կոչ է արել: Նա Հադիի մահվան կապակցությամբ ազգային սգո օր է հայտարարել: Յունուսը նաև խոստացել է, որ նրա սպանության համար պատասխանատուները կգտնվեն և կպատժվեն:
Բանգլադեշի անվտանգության ուժերը բերվել են բարձր պատրաստության վիճակի: