Հայաստան

Գիտնականը հնարավորություն կունենա իր հետազոտությունը վերածել բիզնեսի․ ԵՊՀ-ում ամփոփվել է «Mini MBA» ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Գիտնականը հնարավորություն կունենա իր հետազոտությունը վերածել բիզնեսի․ ԵՊՀ-ում ամփոփվել է «Mini MBA» ծրագիրը

Երևանի պետական համալսարանում ամփոփվեց «Mini MBA» ծրագիրը, որը գիտնականներին հնարավորություն կտա իրենց հետազոտությունները վերածել բիզնեսի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ծրագրի դասախոս Հակոբ Արշակյանն ընդգծեց՝ անկախությունից առաջ գիտությունն ու արդյունաբերությունը միաձուլված էին, սակայն անկախության առաջին տարիներին այդ կապը խզվեց:

«Նման ծրագրերով է, որ հնարավորություն է տրվում գիտությանն առնչվել արդյունաբերության հետ, տարբեր խաղացողների, ներդրողների հետ, հետաքրքրություն ստեղծել իրենց հետազոտությունների նկատմամբ»,- ասաց Արշակյանը:

«Mini MBA» ծրագրի նպատակներից մեկը հետազոտողների շրջանում բիզնես մտածողության սերմանումն է, մյուս կողմից նախագծի հեղինակները փորձելու են օգնել ծրագրի մասնակիցներին՝ առաջին քայլերն անել բիզնես միջավայրում:

«Առաջին փուլում ընտրել ենք 40 մասնակցի, որից 20-ը մասնակցել են ծրագրին և այդ 20 մասնակցից 12-ն այսօր ներկայացնում են իրենց ծրագրերը: Հաղթողները 4-ն են լինելու, որոնք դրամական պարգևներից բացի, նաև հնարավորություն կունենան բիզնես ինկուբատորում անցնել ինկուբացիոն ծրագիր և իրենց գաղափարները զարգացնել, արդեն նոր փուլի հասցնել և դիմել ավելի մեծ ֆինանսավորման»,- նշեց ԵՊՀ բիզնես ինկուբատորի ղեկավար Ռուբեն Գևորգյանը:

Մասնակիցների հետաքրքրությունների շրջանակը տարբեր է՝ ժուռնալիստիկայից մինչև ֆիզիկա, կենսաբանությունից մինչև ռադիոֆիզիկա: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մասնակիցներին և հաղթողներին հաջողություն մաղթեց նրանց նախաձեռնությունները կյանքի կոչելու ճանապարհին:

«Վերջին շրջանում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը զգալի աճ է արձանագրում և սա նաև այս աճի ցուցիչներից է: Մենք շատ շուտով ունենալու ենք նաև այլ ծրագրեր՝ Global Fest Business ծրագրի մի փորք փոփոխված տարբերակը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

Ծրագրի հաղթողներն ու մասնակիցները ստացան ավարտական հավաստագրերն ու մրցանակները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում