Հոգևոր դասը պետք է քննարկի և որոշման գա՝ պահպանվում է կուսակրոնության ինստիտուտը, թե չի պահպանվում. Փաշինյան
3 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Հայ Առաքելական եկեղեցու նորոգման վերաբերյալ իր առաջարկած ճանապարհային քարտեզի կետերից մեկը, որը վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականի բարեվարքության կանոններին և դրանց պահպանման երաշխիքներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
«Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու նորոգման իմ առաջարկած ճանապարհային քարտեզի 2. ա կետը նրա մասին է, որ Եկեղեցու նոր կանոնագիրքը պետք է անդրադարձ ունենա Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականի բարեվարքության կանոններին և դրանց պահպանման երաշխիքներին։ Սա չափազանց կարևոր է, որովհետև այսօր, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում հոգևորականի բարեվարքության կանոններ գոյություն չունեն։ Այսինքն՝ մենք չգիտենք, թե համաձայն եկեղեցու կարգի՝ հոգևորականը իր ամենօրյա գործունեության և կյանքի մեջ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի։ Ընդ որում, խոսքը գնում է թե՛ ամուսնացյալ, թե՛ կուսակրոն քահանաների մասին։
Ընդ որում, ես կարծում եմ, որ նաև հոգևոր դասը պետք է քննարկի և որոշման գա մի հարցում՝ արդյոք պահպանվո՞ւմ է կուսակրոնության ինստիտուտը, թե՞ չի պահպանվում։ Եթե պահպանվում է՝ արդյոք դա պարտադի՞ր պայման է եպիսկոպոս լինելու համար, թե՞ կարող են լինել ինչպես կուսակրոն, այնպես էլ ամուսնացյալ եպիսկոպոսներ։ Բացի սրանից, եթե կուսակրոնության ինստիտուտը պահպանվում է, պետք է հստակ պարզաբանվի, թե ինչ է դա նշանակում, որովհետև վերջին ամիսներին մենք հասկանում ենք, որ զանազան մեկնաբանություններ անելու փորձեր կան, և պետք է հարցերին շատ հստակ պատասխան ունենալ»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը։
Նա կարծիք է հայտնել, որ հոգևոր դասը պետք է ինքը քննարկի և որոշի վերոնշյալ հարցերը՝ շեշտելով, որ այստեղ խնդիրն այն է, որ ինչ էլ քննարկի և որոշի, այդ կանոնները պետք է հրապարակվեն և հանրությանը հասանելի լինեն։
Վարչապետի խոսքով՝ պետք է նաև մեխանիզմներ լինեն՝ բարեվարքության այդ կանոնները պահպանելու, դրանց հետևելու. պետք է հստակ լինի, թե բարեվարքության որ կանոնի խախտումն է, որ բերում է հոգևոր ծառայության հետ անհամատեղելիության, որոնք են, որ կարող են ունենալ ավելի մեղմ հետևանքներ։
«Բացի դա, հանրությունն էլ պետք է իմանա որևէ հոգևորականի բարեվարքության հետ կապված կոնկրետ խնդիր, փաստեր ունենալու դեպքում որ մարմնում է, որ այդ փաստերը կարող է բարձրացնել և ստանալ հարցերի պատասխանները։ Ընդ որում, սա վերաբերում է թե՛ անհատին, թե՛ հանրությանը, որովհետև շատ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է հնչեն»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 8-ին հրապարակել էր Հայ Առաքելական եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը, որը, ըստ նրա, պետք է իրականացվի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումից հետո։