Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը
4 րոպեի ընթերցում

Լիբանանահայ երաժիշտ Արա Մալիկյանը Ranker պորտալի հարցումների համաձայն աշխարհի լավագույն ջութակահարներից է: Դա են ապացուցում նրա փայլուն կատարումներն ու լեփ-լեցուն դահլիճներն աշխարհի տարբեր երկրներում: Երաժիշտը, որը երկու անգամ համերգով հանդես է եկել Երևանում, վերադառնում է նոր հույզերով, նոր ասելիքով ու նոր ծրագրով:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Մալիկյանի Intruso World Tour-ի շրջանակում կազմակերպված երևանյան համերգը տեղի կունենա փետրվարի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դասական և ժամանակակից երաժշտության երկրպագուները կառնչվեն գեղեցիկին, անսպասելիին, զարմանալիին:
Մալիկյանի հետ բեմում կլինեն երաժիշտներ, որոնց հետ ջութակահարը երկար ճանապարհ է անցել, հանդես եկել աշխարհի հեղինակավոր բեմերում: Նրանք են դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիսը, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադոն, թմբկահար Գեորվիս Պիկո Միլանը, կիթառահար Դայան Աբադը:
Նույն երաժիշտների հետ Մալիկյանը երևանյան բեմում ելույթ է ունեցել 2023 և 2024 թվականներին՝ անմոռանալի հույզեր պարգևելով հանդիսատեսին:

Մալիկյանի Intruso ալբոմը, որը երաժիշտը կներկայացնի Հայաստանի ունկնդրին, ոչ միայն երաժշտական հետաքրքիր ու բազմաբովանդակ աշխատանք է, այլև ինքնակենսագրական ու սոցիալական պատմություն։ Ալբոմում ներառված ստեղծագործությունների միջոցով Արա Մալիկյանը պատմում է իր՝ այս երկրից այն երկիր տեղափոխվող մարդու կյանքը։
Արա Մալիկյանը ծնվել է Լիբանանում, սակայն երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Իսպանիայում: Նրա տաղանդը բացահայտվել է վաղ տարիքում՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկար ժամանակ ստիպված է եղել ապրել և սովորել ռմբապաստարաններում։ Մալիկյանի առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկանում, իսկ երկու տարի անց դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ գերմանական կառավարությունից կրթաթոշակ է ստացել՝ Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում սովորելու համար։ Մալիկյանը շարունակել է իր կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, ինչպես նաև դասեր առել աշխարհահռչակ պրոֆեսորներից։ 2015-ին Մադրիդի Թագավորական թատրոնի հետ համագործակցությամբ վերաթողարկել է իր ալբոմը՝ նվիրված Իսպանիայում բնակություն հաստատելու 15-ամյակին։
Մալիկյանի վերջին տարիների խոշոր շրջագայություններից է «15»-ը, որը հանրության և քննադատների շրջանում մեծ հաջողություն է ունեցել՝ ավելի քան 175 հազար հանդիսական և ավելի քան 150 համերգ։
Հաջորդ՝ «Ջութակի անհավանական պատմությունը» ալբոմով, նա համաշխարհային շրջագայության է մեկնել այն ջութակով, որով նվագել է մոլորակի խոշորագույն քաղաքների ամենահեղինակավոր բեմահարթակներում և թատրոններում՝ Լոնդոն, Փարիզ, Հռոմ, Մոսկվա, Բուենոս Այրես, Մեխիկո Սիթի, Լիմա, Սանտյագո դե Չիլի, Պեկին, Հոնկոնգ, Ստամբուլ, Բելգրադ, Բրատիսլավա, Մադրիդ, Լիսաբոն, Բեռլին։
2019-ին Մալիկյանի Royal Garage համաշխարհային շրջագայությունը մեկնարկել է համանուն ալբոմի թողարկմամբ. նա համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Անդրես Կալամարոն, Էնրիկե Բունբերին և Սերժ Թանկյանը:
Արա Մալիկյանի Petit Garage շրջագայությունն էլ համաճարակի և նախորդ տուրնեի արդյունք է եղել: Այն վերածվել է դաշնամուրի և ջութակի զգացմունքայնությամբ լի շոուների, որոնք տեղի են ունեցել սահմանափակ տարողությամբ դահլիճներում։ Համերգներն անցել են մտերմիկ մթնոլորտում: Այդ համերգներով Մալիկյանը ճանապարհորդել է աշխարհով մեկ՝ Դուբայի օպերայից մինչև Մեքսիկայի Միչոական և Մադրիդի թագավորական պալատ։