Կրթություն

Մեկնարկել է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորումը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորումը

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների՝ 2025 թվականի ատեստավորումը մեկնարկել է դեկտեմբերի 13-ին։

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է ատեստավորման ընթացքին: Այս կենտրոնում անցկացվում է ագրոնոմիա, ագրոտնտեսագիտական ֆերմերային տնտեսության կազմակերպում, անասնաբուժություն, ավտոմատացված համակարգեր, գրաֆիկա, ծրագրավորման հիմունքներ, վեբ, ցանցեր-1, ցանցեր-2 դասավանդող մանկավարժների ատեստավորումը: 

Նախարարի տեղակալը ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է քննական կենտրոնում և հաջողություն մաղթել մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ դրական արդյունքներ կարձանագրվեն։ Նախորդ տարվա 4 ուղղություններին՝ գյուղատնտեսություն, ոսկերչություն, ՏՏ, խոհարարություն, այս տարի ավելացել է ևս մեկը՝ տեքստիլի ոլորտը։ 

Գործընթացը կշարունակվի նաև վաղը՝ դեկտեմբերի 14-ին․ ատեստավորման քննություն կհանձնեն խոհարարություն, հանրային սննդի սպասարկում և արտադրություն, հրուշակագործություն, հացաթխում, մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրություն, ոսկերչություն, տեքստիլ դասավանդող մանկավարժները։

Ատեստավորման արդյունքում  60 տոկոսից բարձր արդյունք ցուցաբերած մասնագետները կհամարվեն ատեստավորված, նրանց համար կսահմանվի 200 հազար դրամ վարձատրություն մեկ դրույք զբաղվածության համար։ 70 տոկոս և բարձր արդյունքներ գրանցելու պարագայում, նշված դրույքաչափի նկատմամբ կկիրառվի նաև հավելավճար՝ 30-50 տոկոսի չափով։ Ըստ այդմ՝ 70-79 տոկոս արդյունք գրանցելու պարագայում հավելավճարը կկազմի 30 տոկոս, 80-89 տոկոսի դեպքում՝ 40, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 50 տոկոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում