Տնտեսություն

ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար նպատակ չէ, բայց Եվրամիության անդամ դառնալը նպատակ է. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար նպատակ չէ, բայց Եվրամիության անդամ դառնալը նպատակ է. Փաշինյան

Հայաստանի կառավարության համար Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, մյուս կողմից Եվրամիության անդամ դառնալը նպատակ է։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Համբուրգից, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնաով հարցին, թե երբ է պատրաստվում Հայաստանը դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից և երբ է ի վերջո ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու։ 

«Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց մյուս կողմից Եվրամիության անդամ դառնալը նպատակ է։ Մենք հասկանում ենք, որ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ։ Մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետք է որոշում կայացնել, բայց այսօր այդ կետը չէ, այսինքն՝ այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Երբ կլինի այն պահը, երբ եկել ենք, հասել ենք այդ կետին և պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք այդ որոշումը»,- նշեց ՀՀ վարչապետը։ 

Նա հավելեց, որ Հայաստանի խորհրդարանը ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքն ընդունել է, քանի որ դա ՀՀ կառավարության համար լրացուցիչ խթան է, որպեսզի շարունակի ժողովրդավարական բարեփոխումները և լրացուցիչ խթան ունենա բոլոր ոլորտները համապատասխանեցնելու Եվրամիության ստանդարտներին։ «Իսկ քանի դեռ մենք օբյեկտիվորեն այդ ստանդարտներին չենք համապատասխանում, մենք չենք կարողանա Եվրամիության անդամ դառնալ։ Հետևաբար, այդ ճանապարհին առաջին խնդիրը Եվրամիության ստանդարտներին համապատասխանող երկիր ունենալն է։ Երբ մենք կլինենք այդ կետում, մենք կդիմենք Եվրամիությանն անդամակցելու հարցով։ Երբ մենք դիմենք Եվրամիության անդամ դառնալու հարցով, երկու տարբերակ կա՝ մեզ կամ կընդունեն, կամ չեն ընդունի։ Հիմա մեր պլանի էությունն այն է, որ երբ մենք հասնենք այդ կետին, անկախ նրանից՝ մեզ կընդունեն Եվրամիություն, թե չեն ընդունի, մենք շահած դուրս գանք։ Որովհետև, եթե այդ պայմաններում մենք կդառնանք Եվրամիության անդամ, շատ լավ, չենք դառնա, էլի շահած կլինենք, որովհետև կլինենք Եվրամիության ստանդարտներին համապատասխանող պետություն»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում