ՀՀ ՇՄ նախարարը UN-Habitat-ի գործադիր տնօրենին ներկայացրել է կայուն ու կանաչ քաղաքային և գյուղական զարգացման ուղղությամբ Հայաստանի առաջնահերթությունները

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՇՄ նախարարը UN-Habitat-ի գործադիր տնօրենին ներկայացրել է կայուն ու կանաչ քաղաքային և գյուղական զարգացման ուղղությամբ Հայաստանի առաջնահերթությունները

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում Քենիայում հանդիպել է UN-Habitat-ի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի գործադիր քարտուղարի տեղակալ Անքլաուդիա Ռոզբախին։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ Համբարձում Մաթևոսյանը Ռոզբախին ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ կայուն ու կանաչ քաղաքային և գյուղական զարգացման ուղղությամբ։

«Հայաստանի օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում կանաչ և շրջանաձև տնտեսության անցմանը նպաստող ռազմավարությունների մշակումը, ինչպես նաև էներգաարդյունավետության խթանումը։

Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է օգտվել UN-Habitat-ի մասնագիտական փորձից՝ «խելացի» քաղաքների և գյուղական բնակավայրերի զարգացման, ինչպես նաև շրջանաձև տնտեսության առաջմղման ոլորտներում»,– ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Քննարկվել են նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և UN-Habitat-ի միջև ընթացիկ համագործակցության կարևոր ուղղությունները՝ թվային քաղաքաշինական պլանավորման ծառայությունների հարթակի, Քաղաքաշինական կադաստրի և Ազգային գեոպորտալի ինտեգրման գործընթացները, ինչպես նաև մի շարք այլ ընթացիկ ու հեռանկարային համատեղ նախաձեռնություններ։

Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Կենսաբազմազանության COP17-ի հյուրընկալող երկիր Հայաստանը մեծ հետաքրքրվածություն ունի ընդգրկելու այս կարևոր թեման բոլոր դիտակետերից՝ ներառյալ մարդկային բնակավայրերի կայուն համակեցությունն ու կենսաբազմազանության պահպանումը։

«Վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել կենսաբազմազանության ոլորտում։ Ընդունելով Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը (NBSAPs), պատրաստակամ ենք UN-Habitat-ի հետ համագործակցել դրանց իրականացման շրջանակում, քանի որ դրանք ներառում են քաղաքների կանաչ անցման և կայուն զարգացմանն ուղղված թիրախներ»,– ասել է նա։ 

ՇՄ նախարարը զրուցակցին տեղեկացրել է նաև, որ COP17-ի շրջանակներում Հայաստանը նախատեսում է անցկացնել Քաղաքների ֆորում՝ քաղաքապետերի և քաղաքային իշխանության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որը կընթանա հիմնական համաժողովին զուգահեռ։

Նախարարը հանդիպման ավարտին UN-Habitat-ի գործընկերներին հրավիրել է Հայաստան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում