«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է հաջողությամբ համակցվել «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագծի հետ. Մհեր Սահակյան
6 րոպեի ընթերցում
Երևանում մեկնարկել է «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» VI-րդ միջազգային երկօրյա գիտաժողովը, որը կազմակերպել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը։ Միջոցառմանը մասնակցում են 65 գիտնականներ ավելի քան 20 երկրների առաջատար հաստատություններից՝ ներկայացնելով զեկուցումներ՝ Եվրասիական մայրցամաքի քաղաքական գործընթացների, տարածաշրջանային անվտանգության, հետազոտական նոր ուղղությունների և ակտուալ աշխարհաքաղաքական մարտահրավերների վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ, Չինաստանի հարցերով փորձագետ և «Չինաստան-Եվրասիա քաղաքական ու ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանը նշեց, որ տվյալ գիտաժողովի շնորհիվ Եվրասիա մայրցամաքի շուրջ գիտական հետազոտություններ են կատարվում՝ Երևանում ավանդաբար մեկտեղելով հայտնի գիտնականների Ասիայից ու Եվրոպայից։
«Այս գիտաժողովի ընթացքում մասնակիցներն աշխատում են իրար հետ՝ փորձելով լուծումներ գտնել տարբեր խնդիրների համար և աշխատել ընդհանուր գրքի վրա։ Այս անգամ մենք կաշխատենք եվրասիական աշխարհաքաղաքականության վերաբերյալ գրքի շուրջ, որի ստեղծմանը կմիանան ավելի քան 70 գիտնականներ։ Ամեն տարի մեր գիտաժողովի մասնակից պատվիրակների թվաքանակն ավելանում է, աճում է նաև Հայաստան ժամանող գիտնականների որակը։ Գալով Հայաստան՝ մարդիկ գիտակցում են, որ կարող են հանդիպել տարբեր երկրների առաջատար գիտնականների հետ, հաստատել նոր կապեր և միասին մասնակցել բարձրորակ գիտահետազոտական գրքի ստեղծման աշխատանքներին»,- ասաց Սահակյանը։
Նրա համոզմամբ՝ նման միջոցառումները Հայաստանի համար շատ կարևոր են, քանի որ Երևան ժամանող պատվիրակները նորովի են բացահայտում մեր երկիրը, կապեր են հաստատում տեղի ակադեմիական և փորձագիտական շրջանակների հետ, իսկ վերադառնալուց հետո պատմում են Հայաստանի մասին՝ խորհուրդներ տալով իրենց կառավարություններին, ինչը շատ դրական է։
«Չինաստանն այսօր կարևորագույն դեր է խաղում Եվրասիա մայրցամաքում, քանի որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շնորհիվ պրոյեկտում է Արևելյան Ասիայից մինչև Եվրոպա ընկած տնտեսությունները, ինչը նրան բերում է նաև քաղաքական հզորություն։ Այս լծակների միջոցով Չինաստանի հեղինակությունն ու կապերը զգալիորեն մեծանում են։ ՉԺՀ-ն ունի ռազմավարական համագործակցության համաձայնություններ հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ, ինչը շատ կարևոր հանգամանք է, քանի որ Հայաստանին հնարավորություն կտա բալանսավորել դրսի մեծ տերությունների հետ հարաբերությունները»,- ասաց Սահակյանը։
Նրա դիտարկմամբ՝ եվրասիական մայրցամաքն աշխարհի ամենամեծ տարածքն է, և հիմնական աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական իրադարձությունները տեղի են ունենում այստեղ։ Ամբողջ շարժն Արևմուտքից տեղափոխվել է Արևելք, որտեղ մեծ դերակատարում ունեն Չինաստանը, Ճապոնիան, Կորեան, Հնդկաստանը և այլ առաջատար երկրներ։
«Հայաստանն իր հերթին գտնվում է Արևմտյան Ասիայում և սկսել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, թեև վերջիններն են նրան ենթարկել բլոկադայի։ Այդուհանդերձ Հայաստանը փորձում է լուծել առկա խնդիրները։ Եթե սահմանները բացվեն և լիարժեքորեն գործեն հաղորդակցության ուղիները, ապա մեր երկիրը ևս կարող է դառնալ կարևոր հաբ։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է հաջողությամբ համակցվել «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագծի հետ՝ դառնալով այն հանգույցը, որտեղից ներդաշնակորեն կգործի նաև «Թրամփի ուղի»-ն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Սահակյանի համար Երևանում կազմակերպված միջոցառման գլխավոր նպատակներից մեկն էլ Հայաստանի մասին լիարժեք ինֆորմացիայի հետ կապված բացի լրացումն է, ուստի ամեն տարի ավելի քան քսան երկրներից հրավիրվում են առաջատար գիտնականներ, ովքեր ցանկալի ու պահանջված հյուրեր են միջազգային տարբեր գիտաժողովներում։
«Օրինակ 7-8 տարի առաջ Չինաստանում ոչ ոք խորությամբ չէր ուսումնասիրում Հայաստանը, բայց այսօր հինգ-վեց հոգի կոնկրետ հետազոտություններ են կատարում և գրքեր գրում մեր երկրի մասին։ Մեր հիմնական զեկուցողը Հոնկոնգի համաշխարհային ճանաչում ունեցող համալսարանի պրոֆեսոր Թան Խեյվայն է։ Այդ ուսումնական հաստատությունն այս տարի ճանաչվել է Ասիայի լավագույն բուհը։ Նրա հետ նույնպես կաշխատենք եվրասիական աշխարհաքաղաքականությանն առնչվող գրքի շուրջ։ Հյուրեր ունենք նաև Վրաստանից, Թուրքիայից և Իրանից։ Այսինքն՝ փորձել ենք գիտաժողովի աշխատանքներում ներգրավել պատվիրակների եվրասիական մայրցամաքի բոլոր հատվածներից։ Հուսով ենք, որ մյուս տարիներին կունենանք հյուրեր նաև Ադրբեջանից»,- եզրափակեց Սահակյանը։