ՄԱԿ-ի ԱԽ պատվիրակությունը ժամանել է Դամասկոս՝ քննարկելու կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը
2 րոպեի ընթերցում

Դամասկոս ժամանած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների ներկայացուցիչները դեկտեմբերի 4-ին առավոտյան այցելել են Բեյթ Ջին շրջան՝ նոյեմբերի 28-ի առավոտյան բնակավայրի վրա Իսրայելի հարձակման հետևանքով պատճառված վնասը գնահատելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։
Այցի շրջանակում պատվիրակության անդամները Դամասկոսի Ժողովրդական պալատում հանդիպել են Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի և Սիրիայի կառավարության անդամների հետ։
Անվտանգության խորհրդի անդամները կհանդիպեն նաև մի շարք սիրիացի պաշտոնյաների, սիրիական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Սուեյդայում տեղի ունեցած իրադարձությունները հետաքննող փաստահավաք հանձնաժողովների հետ, ինչպես նաև հանդիպում կունենան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ։
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն այցի առնչությամբ հայտարարել է, որ այն կրում է «միջազգային հանրության աջակցության ուղերձ նոր Սիրիայի համար»։ Գերատեսչությունը հավելել է, որ Անվտանգության խորհրդի պատվիրակությունը Դամասկոսում մի շարք հանդիպումներ կանցկացնի՝ քննարկելու քաղաքական և մարդասիրական զարգացումները և երկրում կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը։
Այս այցը համարվում է վերջին տարիներին Դամասկոսի ուղղությամբ ձեռնարկված ամենակարևոր դիվանագիտական քայլերից մեկը։