Վառ լուսավորություն, գրավիչ էֆեկտներ. Imperial Orchestra-ն վերադառնում է Երևան
7 րոպեի ընթերցում

«Իմպերիալ» նվագախումբը դեկտեմբերի 20-ին Cinema Medley շոուի մեծ համերգով կներկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Imperial-ը Ռուսաստանի տեխնոլոգիապես ամենազարգացած ու խոշոր նվագախումբն է։ Նրա սիմֆոնիկ համերգներին արդեն մասնակցել է ավելի քան 1 միլիոն հանդիսատես։
Imperial Orchestra-ի ժողովրդականությունը պայմանավորված է ֆիլմերի և համակարգչային խաղերի սաունդթրեքների անհավանական կատարումներով, որոնք նվագախումբը մատուցում է մեդլի ժանրում։ Նվագախմբի նվագացանկում ներառված են նաև դասական գլուխգործոցներ, մյուզիքլներ, տարբեր ժամանակների հիթեր։ «Իմպերիալ» նվագախումբը ստացել է պետական մրցանակներ և ճանաչում Ռուսաստանում և ԱՊՀ-ում։ Նվագախումբը ելույթ կունենա հայտնի դիրիժորներ Լև Դունաևի և Իոսիֆ Նուրդաևի ղեկավարությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Դուլինը ընթերցողներին է ներկայացրել 800-ից ավելի երաժշտի համախմբող նվագախմբի կառավարման գաղտնիքներն ու պատմել, թե ինչ է սպասվում երևանյան հանդիսատեսին Cinema Medley շոուի շրջանակում։
«Սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է հինգ տարի առաջ մեր առաջին նախագծի՝ Cinema Medley սաունդթրեքների շոուի համար։ Սաունդթրեքները դարձան մեր երգացանկի հիմքը, քանի որ այս ժանրը ժամանակակից պատմության մեջ դարձել է գործիքային և սիմֆոնիկ երաժշտության մարմնացումը։ Մեր թիմին հանձնարարվել էր զրոյից ստեղծել պրոֆեսիոնալ, բարձրորակ երաժշտական անսամբլ, որը կարող է կատարել լեգենդար ֆիլմերի երաժշտություն։ Սաունդթրեքները, ինչպես համակարգչային գրաֆիկան, մեծ առաջընթաց են գրանցել կինոյի աշխարհում։ Սիմֆոնիկ նվագախումբը ավանդական իմաստով պարզապես բավարար չէ ֆիլմի բնօրինակ հնչողությունը վերարտադրելու համար։ Ահա թե ինչու «Իմպերիալ» նվագախումբը, դասական գործիքների հետ մեկտեղ, առաջարկում է թվային և ժողովրդական գործիքների լայն տեսականի, ինչը թույլ է տալիս առավելագույնս հարստացնել իր երաժշտական պալիտրան»,-նշում է Դուլինը։
Նրա խոսքով՝ նվագախումբն ինքնին աշխարհի ամենատեխնոլոգիապես զարգացած նվագախմբերից մեկն է. թիմում միայն երաժիշտներ չեն. այն համախմբում է դիզայներների, մարքեթոլոգների, հասարակայնության հետ կապերի մասնագետների և կոմպոզիտորների։

Ավելի քան 60 մարդ աշխատում է մեծածավալ նախագծերի ստեղծման շուրջ։ «Մեր նվագախումբն իսկապես աշխարհի ամենամեծ նվագախմբերից մեկն է, որը հանդես է գալիս շատ համերգներով. միայն 2025 թվականի նոյեմբերին մենք ունեցել ենք 33 համերգ։ Տարեկան համերգների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 250-ը։ Մեր համերգներին մասնակցում են ծնողներ իրենց երեխաների հետ, դեռահասներ, կինոերաժշտության սիրահարներ, նվագախմբի սիրահարներ և պարզապես մարդիկ, որոնք առաջին անգամ են առնչվում կինոերաժշտությանը։ Հպարտ ենք, որ հակադարձել ենք այն միտմանը, որ սիմֆոնիկ երաժշտությունը միայն ֆիլհարմոնիկ լսարանի համար է, և ապացուցում ենք, որ նվագախումբը կարող է լինել սուպերաստղ՝ լցնելով մարզադաշտերը»,-ընդգծում է նախագծի գեղարվեստական ղեկավարը։
Սիմֆոնիկ նվագախմբին հատուկ ծրագրերից բացի Imperial Orchestra-ն ներկայանում է կամերային անսամբլների համար համերգներով, որոնց մասնակցում են «Իմպերիալ» նվագախմբի առաջատար մենակատարները։ «Փոքր ծրագրերից և վայրերից սկսվեց մեր կարիերան որպես համերգային գործակալություն՝ «Հաղթական երգեհոն», «Հրեշտակներ և դևեր», «Գահերի խաղ» սաունդթրեք շոուն և «Դուդուկի կախարդանքը»։ Մեր հանդիսատեսի ոգևորությունը տեսնելուց հետո հասկացանք, որ ուզում ենք ավելի մեծ և ավելի հավակնոտ ծրագրեր իրականացնել»,-ասում է նա։
«Իմպերիալ» նվագախմբում այժմ ընդգրկված է մոտ 800 առաջատար երաժիշտ Սանկտ Պետերբուրգից, Մոսկվայից և ԱՊՀ երկրներից։
Ալեքսանդր Դուլինը խոստովանում է՝ երաժիշտները յուրահատուկ մարդիկ են, ուստի չի կարող ասել, որ հեշտ է նվագախումբ ղեկավարելը։ Կարծում է՝ իրենց հաջողության գաղտնիքը նվագախմբում տիրող բարեկամական մթնոլորտն է։
«Մենք ունենք մի առանձնահատկություն ևս. այն սաունդթրեքները, որոնք կատարում ենք, գրված են մեդլի ժանրում, ինչը թույլ է տալիս համատեղել և միահյուսել հիմնական երաժշտական թեմաները՝ կատարելով դրանք հնարավորինս էպիկական և սրտառուչ ձևով՝ լիարժեք սիմֆոնիկ նվագախմբի, թվային երգեհոնի և երգչախմբի օգնությամբ։ Մենք ոչ միայն նվագախումբ ենք, այլև լեյբլ, ինչը նշանակում է, որ մեր արտիստներին տրամադրում ենք լիարժեք պրոդյուսերական ծառայություններ։ Մեզ մոտ աշխատում են ինչպես փորձառու արտիստներ, այնպես էլ շատ երիտասարդ, խոստումնալից աստղեր։ Մենք անընդհատ փնտրում ենք նոր հնչյուններ, ոչ միայն վոկալ, այլև գործիքային։ 2025 թվականին անցկացրինք մեր առաջին լայնածավալ վոկալ քասթինգը Cinema Medley 3 սաունդթրեքի պրեմիերայի համար: Նախագծին մասնակցեց ավելի քան հազար վոկալիստ»,-պատմում է Ալեքսանդր Դուլինն ու հավելում՝ բաց են համագործակցության համար, ուստի ձգտում են զարգանալ տարբեր երաժշտական ուղղություններով:
Նվագախումբը շրջագայություններով եղել է աշխարհի տարբեր երկրներում. 2024 թվականին երկու անգամ եղել են Դուբայում՝ Coca-Cola Arena-ում՝ ներգրավելով ավելի քան 10 հազար հանդիսատեսի՝ դառնալով առաջին ռուսական նվագախումբը, որը հասել է նման արդյունքների:
Իսկ Երևանն իսկական դրախտ են համարում։ «Սիրում ենք ձեր քաղաքը և այստեղի հանդիսատեսին. Երևանում ելույթ ունենալը հատուկ հաճույք է»,-ընդգծում է նախագծի գեղարվեստական ղեկավարն ու վստահեցնում՝ սպասվող համերգին հանդիսատեսը կտեսնի վառ և ընդարձակ լուսավորություն, գրավիչ էֆեկտներ, ձայնագրություն և կենդանի հնչողություն։