Ինձ պետք է կաթողիկոս, որը չի ենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտի. Փաշինյան
3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք չէ այնպիսի կաթողիկոս, որը իրեն կենթարկվի, իրեն պետք է կաթողիկոս, որ չի ենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի մեղադրանքին, թե վարչապետին պետք է ունենալ իրեն ենթակա եկեղեցի:
«Ինձ պետք չէ կաթողիկոս, որ ենթարկվի ինձ, ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավանգ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին: Ես բացարձակապես նման նկրտումներ չունեմ»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իրեն հաշվետվություն ներկայացրե՞լ է իր ունեցվածքի վերաբերյալ՝ վարչապետն ասաց, որ ոչ նա, ոչ որևէ այլ հոգևորական իրեն հաշվետվություն տալու կարիք չունի, բոլոր հոգևորականները պետք է թափանցիկ լինեն իրենց համայնքների առաջ:
«Հայաստանյաց առաքելական եկեղեցին Կտրիճ Ներսիսյանի օրոք վերածվել է ավերակների: Մեր եկեղեցիներում համատարած երգչախումբ չկա, դա նշանակում է, որ պատշաճ պատարագներ չեն մատուցվում», - ասաց վարչապետը:
Դիմելով ընդդիմությանը՝ նա ասաց. «Դուք չեք առերեսվում այն իրավիճակի հետ, որ, երբ նեղ վերնախավը միլիոնատեր է, այսօր քահանաների մի զգալի մասը չքավորության եզրին է: Դուք չեք առերեսվում այն իրականության հետ, որ ծանոթով են քահանա նշանակում «թոթոլ» տեղերում կամ հեռավոր տեղեր են ուղարկում, որտեղ մարդ ընդհանրապես չի գնում: Հայաստանյան եկեղեցիները վեր են ածված ավերակների, պատշաճ ծառայություն չի մատուցվում, քահանաներն ապրում են չքավորության եզրին, հոգևոր կյանքի լիակատար բացակայություն: Հայաստանյան առաքելական եկեղեցու դեմ գործում է Կտրիճ Ներսիսյանը և բոլոր իրենց պաշտպանողները, որովհետև իրենց համար եկեղեցին եղել է, կա և, ուզում են մնա ընդամենը խարդավանքների գործիք: Մենք դա թույլ չենք տալու: Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, տարբերակ չկա: Մենք կգնանք ամենաանցնցում ճանապարհով, բայց պետք է գնա, տարբերակ չունի, նույնիսկ ավագ և կրտսեր լեյտենանտները, կապիտանները, մայորները, նույնիսկ գեներալներն ու գեներալ-գնդապետները՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների, չեն փրկի»: