Մշակույթ

Ժաննա Անդրեասյանն ու Ուլդիս Միկուտսը քննարկել են Հայաստան-Լատվիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները

4 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանն ու Ուլդիս Միկուտսը քննարկել են Հայաստան-Լատվիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Լատվիայի ԱԳՆ երկկողմ քաղաքական դեպարտամենտի տնօրեն Ուլդիս Միկուտսին և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) Էդիտե Մեդնեին: Հանդիպմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ 

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լատվիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության ընդլայնման ներուժ կա։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի գործունեության վերսկսումը՝ տեղեկացնելով, որ հայկական կողմից այն նախագահում է ԿԳՄՍ նախարարությունը: Կողմերը քննարկել են 2026 թվականին Երևանում նախատեսվող նիստի օրակարգային և կազմակերպական հարցերը: 

Դեսպան Էդիտե Մեդնեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկկողմ արդյունավետ համագործակցության շարունակականության կարևորությունը։ Լատվիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Ուլդիս Միկուտսին բարձր է գնահատել ՀՀ կառավարության իրականացրած բարեփոխումները և ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել փորձագիտական աջակցությունը: 

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ մասնավորապես առանձնացնելով «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի մշակման աշխատանքներում ցուցաբերած փորձագիտական աջակցությունը՝ ընդգծելով, որ լատվիական փորձի ուսումնասիրությունը շատ օգտակար է եղել: Երիտասարդության ոլորտում համագործակցություն զարգացնելու համատեքստում քննարկվել է Հայաստան-Լատվիա երիտասարդական ֆորում կազմակերպելու հնարավորությունը:

Մշակույթի ոլորտում համագործակցության ուղղությամբ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է միջթանգարանային համագործակցության կարևորությունը՝ առաջարկելով դիտարկել Հայաստանի պատմության թանգարանի կամ Հայաստանի ազգային պատկերասրահի և լատվիական որևէ առաջատար թանգարանի հետ համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը։ Հաշվի առնելով Լատվիայի կինեմատոգրաֆիստների ներուժը ԵՄ շրջանակում համատեղ կինոնախագծեր իրականացնելու ուղղությամբ՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել համատեղ ֆիլմարտադրության և կինոոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները: 

Կարևորելով կրթության ոլորտում համագործակցության զարգացումը՝ կողմերը ընդգծել են «Էրազմուս+» ծրագրերի ընձեռած հնարավորությունները, որոնց շրջանակում ՀՀ բուհերը համագործակցում են Լատվիայի Հանրապետության մի շարք հաստատությունների հետ: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ընթացող բարեփոխումներին, «Ակադեմիական քաղաք» ծրագրին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերել են թվային, ֆորմալ և ոչ ֆորմալ ցկյանս կրթությանը և այլ հարցերի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում