Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունները չեն կարող տեղի ունենալ առանց եվրոպացիների մասնակցության․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունները չեն կարող տեղի ունենալ առանց եվրոպացիների մասնակցության, և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այսօրվա այցը Փարիզ պատահական չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է  Le Figaro-ն՝ հղում անելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարությանը։

«Մենք ջանք չենք խնայել, որպեսզի ամեն ինչ արվի՝ Ուկրաինայի խաղաղության և Եվրոպայի անվտանգության շահերից ելնելով», - հայտարարել է Բարոն։

Նա նաև հավելել է, որ Միացյալ Նահանգների կողմից վերջերս ներկայացված 28-կետանոց ծրագիրը զգալիորեն փոփոխվել է։

«Մի կողմից, մենք ապահովել ենք եվրոպացիներին վերաբերող ամեն ինչի բացառումը, իսկ մյուս կողմից, առաջին անգամ մենք ստացել ենք Միացյալ Նահանգների կողմից հստակ հայտարարություն, որում արտահայտվում է մեզ հետ համագործակցելու մտադրությունն, այսպես կոչված, անվտանգության երաշխիքների, այսինքն՝ ռազմական տարրերի պատրաստման գործում», - ընդգծել է ֆրանսիացի նախարարը։

Նա նաև շեշտել է, որ մինչ Ռուսաստանը ձգտում է սահմանափակել ուկրաինական բանակի հնարավորությունները, եվրոպացիները մտադիր են աջակցել «խաղաղությունից հետո ուժեղ» ուկրաինական բանակին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման։ 

Միացյալ Նահանգներ

Մակրոնն ու Զելենսկին հանդիպում են անցկացնում Փարիզում

Հայերեն Русский