Երեկո, որ փրկում է կյանքեր. Բելգիայի հայ բժիշկների բարեգործական նախաձեռնությունը
5 րոպեի ընթերցում

Բրյուսելի հայկական հասարակական և մասնագիտական շրջանակները օրերս միավորվեցին մի կարևոր ու բացառիկ նպատակի շուրջ՝ օժանդակել Արթիկի հիվանդանոցին՝ այն համալրելով օրթոպեդիկ վիրաբուժության համար անհրաժեշտ սարքավորումներով ու մասնագիտական աջակցությամբ։
Բելգիայում Հայ բժիշկների ասոցիացիայի նախաձեռնությամբ Fondation Boghossian-ի Villa Empain-ում կայացած բարեգործական համերգ-ընդունելությունը դարձավ համագործակցության, արվեստի և համահայկական միասնության խորհրդանշական իրադարձություն։

Նախաձեռնությունը լայն աջակցություն ստացավ թե՛ հայկական համայնքից, թե՛ բելգիացի գործընկեր շրջանակներից։ Երեկոյի պատվավոր հյուրերի շարքում էին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, հյուպատոս Լիանա Մկրտչյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար և դեսպան Արման Իսրայելյանը, Բելգիայի քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, հայ բժիշկների բելգիացի գործընկերներ, համայնքային առաջնորդներ և բարեկամներ։ Նրանց ներկայությունը հստակ ազդակ էր առողջապահական համագործակցության խորացման և մարդասիրական պատասխանատվության ընդլայնման մասին։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բրյուսելի Շիրեք հիվանդանոցային միավորման քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի ղեկավար Պատրիկ Լևին, ով Հայաստանում մասնակցել է բազմաթիվ բարդ վիրահատությունների, կարևորեց սփյուռքի դերը և առաքելությունը Հայաստանի բարօրությանը նպաստելու գործում։ Երջանիկ էր երեկոյին մասնակցել՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը մեծապես մարդասիրական է և իր արդյունքներով անհամար կյանքեր կփրկի։

Երեկոյի առանցքային մասերից էր բարեգործական աճուրդը, որի համար Fondation Boghossian-ի համահիմնադիր Ժան Բողոսյանը հատուկ պատրաստել էր երկու բացառիկ արվեստի գործ՝ մեծապես ավելացնելով հավաքագրված միջոցները։ Art Arm գալերին ևս նվիրաբերել էր հայ նկարիչների ստեղծագործություններ, որոնց վաճառքի ողջ հասույթն ուղղվեց նախաձեռնությանը։ Աննա Սողոմոնյանի, Արմինե Թումանյանի, Տերյան մշակութային կենտրոնի, Տարազ Արտի նվիրաբերած արվեստի նմուշներն ու զարդերը ևս մեծ հաջողություն գրանցեցին աճուրդում՝ նպաստելով ծրագրի իրագործմանը։

Աճուրդի իմաստալից պահերից մեկն էր Շառլ Ազնավուրի ստորագրությամբ հայկական կոնյակի վաճառքը, որը ձեռք բերեց ռադիոլոգ Ժան Ֆլորի Լուաբա Չիբադան։ Հուզված բժիշկը պատմեց, որ ինքն էլ իրեն հայկական սփյուռքի ներկայացուցիչ է համարում. տարիներ առաջ ընտանիքով Կոնգոյից է տեղափոխվել Բելգիա։ Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ ունեն նմանատիպ խնդիրներ, և մեծագույն ոգեշնչում է տեսնել, թե ինչպես են հայերը համախմբվում հայրենիքի համար։ «Այս նախաձեռնությունը բացառիկ է։ Այն ինձ էլ է ոգեշնչում՝ նման մի բան անել իմ երկրի համար։ Կոնյակը կպահեմ հատուկ պահերի համար ու կհյուրասիրեմ շատ քիչ՝ ասելով, որ նրանք ըմպում են մի խմիչք, որը նվիրված է մարդասիրությանը»,-ընդգծեց Լիեժի համալսարանական հիվանդանոցի նեյրոռադիոլոգիայի բաժնի ղեկավարը։
Բարեգործական երեկոյի ընթացքում հյուրերը վայելեցին դաշնակահար Արմեն-Լևոն Մանասարյանի և թավջութակահար Սևակ Ավանեսյանի բարձրարվեստ կատարումները: Մեծ բեմերից ծափողջույի արժանացած երաժիշտների համար այս համերգն կարևորներից մեկն էր, քանի որ արվեստը մարդասիրությանն էր ծառայում:
Միջոցառմանը մասնակցելու համար հատուկ Երևանից ժամանել էր Վիվա Հիմնադրամի հիմնադիր Տատյանա Օհանեսյանը, ով Բելգիայի Հայ բժիշկների ասոցիացիայի հուսալի գործընկերն է Հայաստանում իրականացվող առողջապահական ծրագրերում։

Երեկոյի ընթացքում հավաքված միջոցներն ուղղվելու են Արթիկի հիվանդանոցի օրթոպեդիկ բաժանմունքի համալրմանը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել բուժօգնության որակը, ընդլայնել մատչելի բարձր տեխնոլոգիական ծառայությունները և աջակցել Հայաստանի հյուսիսային մարզերի առողջապահական համակարգի ամրապնդմանը։
Հայ բժիշկների միությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին, հովանավորներին, կամավորներին և համայնքի այն յուրաքանչյուր անդամին, որի աջակցությամբ այս նախաձեռնությունը վերածվեց իրական հաջողության։
