«Դպրոցականների վոլեյբոլի լիգա»-ի հանրապետական փուլում Գեղարքունիքը կներկայացնեն Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմերը
3 րոպեի ընթերցում

ՀՀ Գեղարքունիքի մարզում ավարտվեցին ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային և մարզային փուլերի մրցումները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 59 դպրոցների հավաքական թիմերում ընդգրկված 765 պատանին ու աղջիկն մասնակցել է միջոցառման համայնքային փուլի մրցումներին։ Այս փուլի 1-ին տարիքային խմբում հանդես է եկել 31, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ 54 դպրոցական թիմ: Թիմերի կազմում ընդգրկված էր 9 մարզիկ։ Կանոնակարգի համաձայն՝ խաղադաշտում խաղի ընթացքում միաժամանակ պետք է գտնվեին 3 տղա և 3 աղջիկ։ Համայնքային փուլում առաջին տեղ գրաված թիմերը մասնակցել են մարզային փուլի մրցումներին, որոնք անցկացվել են Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։
Այս փուլում խաղերն անցկացվել են կիսաօլիմպիական մրցակարգով։ Նոյեմբերի 27-ին մրցապայքարի մեջ են մտել առաջին տարիքային խմբին մասնակցելու իրավունք ստացած թիմերը։ Այս տարիքային խմբում Սևան համայնքը ներկայացնում էր Զովաբերի Ե.Չարենցի անվան, Գավառ համայնքը՝ Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2, Մարտունի համայնքը՝ Վերին Գետաշենի թիվ 1, Ճամբարակ համայնքը՝ Թթուջրի և Վարդենիս համայնքը՝ Լուսակունքի միջնակարգ դպրոցների թիմերը։ Ծավալված հետաքրքիր և անզիջում պայքարում առաջին տեղը գրավել է Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ հորիզոնականում էր Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում՝ Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը։
Մարզային փուլի երկրորդ տարիքային խմբի մրցումները կայացել են նոյեմբերի 28-ին։ Այս տարիքային խմբում Սևան համայնքը ներկայացնում էին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական, Գավառ համայնքը՝ Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2, Մարտունի համայնքը՝ Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ, Ճամբարակ համայնքը՝ Թթուջրի միջնակարգ և Վարդենիս համայնքը՝ Լուսակունքի միջնակարգ դպրոցների թիմերը։ Այստեղ ևս ուժեղագույնը Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմն էր։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են համապատասխանաբար Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 և Թթուջրի միջնակարգ դպրոցների թիմերը։
Մարզային փուլի երկու տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են գավաթներ և հավաստագրեր։
«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի երկու տարիքային խմբերի մրցումներում մարզը կներկայացնեն Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմերը։