Թբիլիսիում ԵՄ-ի հետ բանակցությունների կասեցման մեկ տարվա առթիվ ընդդիմադիր քաղաքական ուժերը երթ են անցկացրել
1 րոպեի ընթերցում

Վրաստանի իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ բանակցությունները կասեցնելու որոշման մեկ տարվա առթիվ Թբիլիսիի կենտրոնական պողոտաներով տեղի է ունեցել վրացական ընդդիմության և ՀԿ-ների ներկայացուցիչների երթ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բողոքի ակցիային մասնակցել են հազարավոր մարդիկ՝ հավաքվելով մայրաքաղաքի մի քանի վայրերում: Նրանք շարժվել են կենտրոնական պողոտայով և ուղղվել դեպի Վրաստանի խորհրդարան: Ցուցարարները ձեռքերում պահել են Վրաստանի և ԵՄ դրոշներ: Երթին մասնակցել են ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ, ընդդիմության կողմնակիցներ և շարքային քաղաքացիներ։
Թբիլիսիում և այլ խոշոր քաղաքներում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախորդ տարվա նոյեմբերի 28-ին հայտարարեց ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը կասեցնելու իր որոշման մասին։ Այդ ժամանակվանից ի վեր՝ Վրաստանի մայրաքաղաքում պարբերաբար տեղի են ունենում կառավարության դեմ բողոքի ցույցեր։ Այդուհանդերձ վերջերս դրանց թիվը նվազել է՝ իշխանությունների կողմից ցույցեր անցկացնելու կանոնների վերաբերյալ ընդունված խիստ օրենքների պատճառով։