Աշխարհ

Սիրիան, ՄԱԿ-ը և մի շարք երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումը Դամասկոսի շրջանի վրա

2 րոպեի ընթերցում

In this photo released by the Syrian official news agency SANA, smoke rises from an Israeli airstrike that hit the Syrian Defence Ministry, in Damascus, Syria, Wednesday, July 16, 2025. (SANA via AP)
In this photo released by the Syrian official news agency SANA, smoke rises from an Israeli airstrike that hit the Syrian Defence Ministry, in Damascus, Syria, Wednesday, July 16, 2025. (SANA via AP)

Սիրիան խստորեն դատապարտել է նոյեմբերի 28-ին իսրայելական բանակի կողմից իրականացված հարձակումը Դամասկոսի շրջանի Բեյթ Ջին բնակավայրի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը տեղի ունեցած հարձակումը որակել է «պատերազմական հանցագործություն»:

«Սիրիայի Արաբական Հանրապետությունն Իսրայելի օկուպացիոն իշխանություններին լիովին պատասխանատու է համարում այս լուրջ ագրեսիայի, դրա հետևանքով զոհերի և ավերածությունների համար: Այս հանցավոր հարձակումների շարունակությունը համարվում է տարածաշրջանում անվտանգությանը և կայունությանը սպառնալիք և իրավիճակը անկայունացնելու և ուժով ագրեսիվ իրականություն պարտադրելու համակարգված քաղաքականության մաս», - նշվում է հաղորդագրության մեջ:

Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ին, ՄԱԿ Անվտանգության խորհրդին և Արաբական պետությունների լիգային՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ վերջ դնելու Իսրայելի կողմից սիրիացի ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը։

Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ բանագնացի տեղակալ Նաջաթ Ռոչդին դատապարտել է Բեյթ Ջին բնակավայրում Իսրայելի ագրեսիան՝ ընդգծելով, որ նման ագրեսիայի գործողությունները Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության «լուրջ և անընդունելի խախտում են» և ավելի են անկայունացնում տարածաշրջանում իրավիճակը։ Ռոչդին վերահաստատել է ՄԱԿ-ի անսասան հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանը, միասնությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել հարձակումները։

Կատարի և Հորդանանի արտաքին գործերի նախարարությունները խստորեն դատապարտել են իսրայելական ուժերի կողմից Դամասկոսի շրջանում իրականացված ներխուժումը՝ այն համարելով «Սիրիայի ինքնիշխանության և միջազգային ու մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում»։

Իսրայելական ուժերի կողմից Դամասկոսի շրջանի Բեյթ Ջին բնակավայրի թիրախավորման հետևանքով զոհվել է 13, վիրավորվել` 25 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում