Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպում է անցկացնում Կրեմլում

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ի տարբերություն մյուս եվրոպացի ղեկավարների, Հունգարիայի կառավարության ղեկավարն արդեն երկրորդ անգամ է ժամանում Ռուսաստան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ծավալումից ի վեր։

Հունգարիայի վարչապետը նշել է այս այցի կարևորությունը՝ այս ձմռանն իր երկրի համար էներգետիկ անվտանգության և էլեկտրաէներգիայի մատչելի գների ապահովման անհրաժեշտությունը հաշվի առնելով։

Իր հերթին Պուտինը նոյեմբերի 27-ին Բիշքեկում լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ եթե վարչապետ Օրբանը «հնարավոր է համարում ընդունել մեր հրավերը, մենք միշտ ուրախ կլինենք նրան տեսնել»։ 

«Մենք գիտենք նրա դիրքորոշումը, այն բավականին օբյեկտիվ է, նա հենց այն մարդկանցից է, որոնք տեսնում են իրողությունները և ելնելով այդ իրողություններից՝ ձևավորում են իրենց քաղաքական դիրքորոշումը», - ասել է Պուտինը։

Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը և Հունգարիան երկկողմ հարցեր ունեն քննարկելու։ 

«Էներգետիկ ոլորտում շատ մեծ է համագործակցությունը, ես արդեն չեմ խոսում «Պակշ» ատոմային էլեկտրակայանի մասին», - ասել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանի և Հունգարիայի ղեկավարների վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 17-ին, անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Բուդապեշտում Պուտինի հետ հանդիպելու մտադրության մասին, բայց հոկտեմբերի 24-ին այն հետաձգեց անորոշ ժամկետով։

Եվրոպա

Օրբանը հայտնել է Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին

Հայերեն Русский