Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի խումբ բարձրաստիճան հոգևորականների հայտարարությանը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ բարձրաստիճան հոգևորականների հայտարարությանը, որով վերջիններս իրենց բողոքին էին արտահայտել առ այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընթացք չի տվել և փորձում է կոծկել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի արարքը, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետն ասել է, որ որպես Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ՝ որդիական խոնարհությամբ և նախանձախնդրությամբ է ընդունել այդ հայտարարությունը, իսկ որպես պետության ղեկավար՝ վճռականությամբ և հաստատակամությամբ ողջունում է այն։
«Կարծում եմ, որ այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, որոնք նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում, և ես, իհարկե, սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի հայտարարությունից բխող նրանց դիրքորոշումները, մոտեցումները ավելի մանրամասն հասկանամ»,- հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ մինչև հայտարարությանը միացած բարձրաստիճան հոգևորականների հետ հնարավոր հանդիպումը հավելյալ մեկնաբանություններից զերծ կմնա։