Եվրոպա

Եվրոպայի հետ կապված հարցերը պետք է լուծվեն նրա համաձայնությամբ. Մերց

2 րոպեի ընթերցում

Եվրոպայի հետ կապված հարցերը պետք է լուծվեն նրա համաձայնությամբ. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է ԱՄՆ-ի հանձնառությունը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, բայց հայտարարել է, որ Եվրոպայի հետ կապված հարցերը կարելի է լուծել միայն նրա համաձայնությամբ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ես ողջունում եմ այդ հակամարտության կարգավորման՝ ԱՄՆ-ի հաստատուն հանձնառությունը։ Հենց դա էլ ես ասացի (ԱՄՆ) նախագահ Թրամփին անցյալ ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Բայց Ուկրաինայի, Եվրոպայի և Ամերիկայի հետ մեր դաշինքի համար այս ճակատագրական պահին ես նաև ցանկանում եմ պարզորոշ հայտարարել, որ եվրոպական գործերը կարող են լուծվել միայն Եվրոպայի հետ համաձայնեցմամբ։ Եվրոպան հասարակ խաղաքար չէ, այլ ինքնիշխան խաղացող, որը հետապնդում է իր սեփական շահերն ու արժեքները», - ասել է Մերցը Բունդեսթագում ելույթում։ 

«Այո, մենք ցանկանում ենք, որ այդ պատերազմն ավարտվի հնարավորինս արագ։ Բայց խոշոր տերությունների միջև ձեռք բերված համաձայնությունն առանց Ուկրաինայի համաձայնության և առանց եվրոպացիների համաձայնության չի դառնա հիմք Ուկրաինայում իրական, հաստատուն խաղաղության համար», - հավելել է նա։ 

Գերմանիայի կանցլերը կրկին ընդգծել է, որ երկիրը կաջակցի Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։ 

«Եվ մենք մտադիր ենք սառեցված ռուսական ակտիվներն օգտագործել հենց այս նպատակով», - ասել է Մերցը։

Գերմանիան, նրա խոսքով, 2026 թվականի դաշնային բյուջեում կշարունակի աջակցել Ուկրաինային «շատ բարձր մակարդակով»։

«Վերջին իրադարձությունների լույսի ներքո մենք այդ գումարն ավելացրել ենք ևս 3 միլիարդ եվրոյով՝ ընդհանուր գումարը հասցնելով 11,5 միլիարդ եվրոյի», - նշել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով՝ նպատակը պետք է լինի խաղաղությունն ազատության պայմաններում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում