Հայաստան

Կառավարությունը գումար է հատկացրել Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցու թմբուկի ժամանակավոր պաշտպանիչ ծածկի իրականացման աշխատանքների ձեռքբերման համար

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը գումար է հատկացրել Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցու թմբուկի ժամանակավոր պաշտպանիչ ծածկի իրականացման աշխատանքների ձեռքբերման համար

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ ավելի քան 53 մլն  դրամի չափով՝ Արագածոտնի մարզի Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցու թմբուկի ժամանակավոր պաշտպանիչ ծածկի իրականացման աշխատանքների ձեռքբերման նպատակով։  

«Սուրբ Գրիգոր եկեղեցին գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում։ Այն հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է, պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի կառույցներին: Եկեղեցու գմբեթը քանդված է, բաց է, այդ իսկ պատճառով եկեղեցու թմբուկը կլիմայական պայմաններից ենթարկվում է քայքայումների և գմբեթը ծածկելու հրատապ անհրաժեշտությունը բխում է հուշարձանի ընդհանուր պահպանությունը պատշաճ ապահովելուց»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նշված է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Որոշումը մշակվել է ՀՀ վարչապետի բանավոր հանձնարարականի հիման վրա: Հիմնավորման համաձայն՝ հայ-իտալական համագործակցությամբ ներկայումս իրականացվում են եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ:

Հայ-իտալական համագործակցության շրջանակում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ղեկավարությամբ հնագիտական պեղումներ են ընթանում նաև Արուճի ամրոցում: Մասնագետներն Իտալիայից ժամանած ճարտարապետների հետ քննարկել են պեղված հատվածների և Արուճի ամրոցի հրատապ ամրակայման անհրաժեշտության հարցը: Իտալացի և հայ ճարտարապետներն ուսումնասիրություններ են կատարում նաև Արուճի տաճարում՝ պարզելու համար հուշարձանի տեխնիկական վիճակը և գմբեթի վերականգնման հնարավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում