ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ
2 րոպեի ընթերցում

Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած երեք բեռնատար տրանսպորտային միջոց ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների արդյունքում պարզվել է, որ բեռնատարներում, որոնք մեկ ներկրողի միջոցով պետական սահմանով ցեմենտ են տեղափոխել, առկա է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտային արտադրանք:
«Ծխախոտները թաքցվել են ցեմենտի բունկերների տակ` զոդման եղանակով նախապես պատրաստված թաքստոցներում: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները հատուկ կտրող գործիքի օգնությամբ բեռնատարների թաքստոցներից դուրս են բերել առանց ակցիզային մակնշման ընդհանուր 6530 տուփ ծխախոտ»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
Ոչ օրինական ճանապարհով ծխախոտի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերված ծխախոտներն առգրավվել են: ԻԻՀ երեք քաղաքացու նկատմամբ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համապատասխան հոդվածի հատկանիշներով կազմվել են մաքսային արձանագրություններ:

Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

ՊԵԿ–ից նաև հայտնում են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում «Ագարակ» մաքսային անցման կետում կանխվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 31 830 տուփ ծխախոտի ներկրման փորձեր:
