Աշխարհ

Cloudflare-ը հայտարարել է տեխնիկական խնդիրների վերացման մասին

2 րոպեի ընթերցում

Cloudflare-ը հայտարարել է տեխնիկական խնդիրների վերացման մասին

Cloudflare ամպային ծառայությունը հայտարարել է, որ վերացվել է ծառայության աշխատանքում գրանցված խոշոր տեխնիկական խնդիրը, որի հետևանքով ամբողջ աշխարհում բազմաթիվ կայքեր մի քանի ժամ շարունակ խափանումներով էին աշխատում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ծառայության պաշտոնական կայքում։

«Թիմը շարունակում է աշխատանքը խնդիրների վերացումից հետո համակարգի գործունեությունն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։ Այժմ մենք մի շարք խնդիրներ ենք վերացնում, որոնք դեռ մնացել են ծառայության վերագործարկումից հետո»,- նշված է հաղորդագրությունում։

Ծառայությունը նաև հայտնել է, որ հետևում են իրավիճակին՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։

Cloudflare ամպային ծառայության աշխատանքում գրանցվել էր խոշոր տեխնիկական խնդիր, որի հետևանքով ամբողջ աշխարհում բազմաթիվ կայքեր խափանումներով էին աշխատում։ Խափանումների խնդրի հետ բախվել էր նաև «Արմենպրես»-ի կայքը:

Խափանման հետևանքով անհասանելի էր X սոցիալական ցանցը։ Խնդիրներ են եղել նաև Spotify-ի և ChatGPT-ի, ինչպես նաև այնպիսի լրատվական կայքերի աշխատանքում, ինչպիսիք են Mediazona-ն, Novaya Gazette Evropa-ը, Ukrainska Pravda-ն, Hromadske-ը, Delfi-ն և այլն։ Կապի խնդիրների մասին հաղորդել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրալիայի, Հնդկաստանի և Եգիպտոսի օգտատերերը։

Cloudflare-ը հայտարարել էր, որ տեղյակ է խնդրի մասին և աշխատում է այն լուծելու ուղղությամբ։

Cloudflare-ը ամերիկյան ընկերություն է, որը մատուցում է ամպային ծառայություններ կայքերի և ինտերնետային հավելվածների համար։ Ընկերության տվյալներով՝ իր ցանցը մշակում է ամբողջ վեբ թրաֆիքի մոտ 20%-ը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում