Իրան

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ԱՄՆ այցից առաջ գրավոր նամակ է ստացել Իրանի նախագահից

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ԱՄՆ այցից առաջ գրավոր նամակ է ստացել Իրանի նախագահից

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամմադ բին Սալման բին Աբդալազիզ ալ-Սաուդը ԱՄՆ կատարելիք այցից և նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպումից առաջ նամակ է ստացել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալությունը (SPA)։

Գրավոր ուղերձը ստացել է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարար արքայազն Աբդալազիզ բին Սաուդ բին Նաիֆը նախարարության իր գրասենյակում Իրանի Հաջի և ուխտագնացության կազմակերպության ղեկավար դոկտոր Ալի Ռեզա Ռաշիդիանի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։

Գործակալությունը, սակայն, չի բացահայտել նամակի բովանդակությունը։

Սաուդյան Արաբիայի թագավորական գրասենյակը հայտնել է, որ թագաժառանգը նոյեմբերի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ  նոյեմբերի 18-ին նախատեսված է հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թագաժառանգի այցից առաջ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պլանավորում է Սաուդյան Արաբիային մատակարարել հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում