Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 18-ին
1 րոպեի ընթերցում
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցով դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 18-ին, ժամը 11։30-ին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ավարտից հետո այդ մասին հայտնել են Սամվել Կարապետյանի փաստաբանները՝ նշելով, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը դատարանը սկսել էր նոյեմբերի 17-ին, ժամը 16։00-ից։
Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հունիսի 18-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։
Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։