Գեղարքունիքում անցկացվեց հրդեհների կանխարգելմանն ու կամավորական շարժման զարգացմանն ուղղված ուսուցողական ծրագրի դասընթաց

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի դահլիճում կազմակերպվեց հրդեհների կանխարգելմանն ու կամավորական շարժման զարգացմանն ուղղված ուսուցողական ծրագրի դասընթաց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դասընթացի կազմակերպիչները՝ միջոցառման  հիմնական նպատակն էր՝  հրդեհների կանխարգելումը, ռիսկերի գնահատումը, արագ արձագանքման կարողությունների բարձրացումը, ինչպես նաև կամավորական շարժման զարգացումը՝ ի նպաստ համայնքային դիմակայունության և բնապահպանական անվտանգության ամրապնդման։

Դասընթացին մասնակցեցին  ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի  աշխատակիցներ և բնակավայրերի վարչական ղեկավարներ, ինչպես նաև՝ ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունից, «Հայանտառ» ՊՈԱԿ-ից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Շեշտադրվեց  համայնքների ներգրավվածության կենսական նշանակությունը հրդեհների դեմ պայքարում։ Հատկապես կարևորվեց կամավորականների պատրաստվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի արտակարգ իրավիճակների դեպքում նրանք կարողանան արձագանքել օպերատիվ և համակարգված՝ մինչ մասնագիտացված փրկարարական ստորաբաժանումների ժամանումը։ 

«Նմանօրինակ քայլերը ոչ միայն կանխարգելում են հրդեհների տարածումը, այլև ամրապնդում են համայնքային դիմակայունությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակելու է ընդլայնել դասընթացների աշխարհագրությունը, բարձրացնել մասնագիտական պատրաստվածությունը և խթանել համայնքային ներգրավվածությունը՝ որպես կամավորական շարժման զարգացման և հրդեհների կանխարգելման կարևոր բաղադրիչ»,-նշեցին դասընթացի կազմակերպիչները։

Խոսրով  Խլղաթյան

Հայերեն