Բարձր տեխնոլոգիաներ

Հայաստանը ցանկանում է STMicroelectronics ընկերության հետ խորացնել համագործակցությունը կիսահաղորդչային ոլորտում

3 րոպեի ընթերցում

Հայաստանը ցանկանում է STMicroelectronics ընկերության հետ խորացնել համագործակցությունը կիսահաղորդչային ոլորտում

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակում նոյեմբերի 13-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է STMicroelectronics ընկերություն՝ քննարկելու կիսահաղորդչային (սեմիկոնդուկտորային) ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ 

Պատվիրակությանն ընդունել է ընկերության կենտրոնական հետազոտական և զարգացման խմբի փոխնախագահ Մուսսա Բելխիտերը։

Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը և պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը՝ ընդգծելով կիսահաղորդչային նախագծման, արհեստական բանականության և գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու պետական առաջնահերթությունները։

Նախարարը կարևորել է Հայաստանի և միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործընկերության զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա հնարավորություն է ստեղծում նորարարական լուծումներ զարգացնելու, փորձարկման և արտադրական գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու համար։  Նա ընդգծել է, որ պետական քաղաքականությունը միտված է աջակցելու ազգային տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ խթանելով պետության, ակադեմիական ոլորտի և արդյունաբերության համատեղ նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ոլորտային կայուն զարգացում և միջազգային մրցունակություն։

STMicroelectronics-ի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, բիզնես մոդելը և տեխնոլոգիական էկոհամակարգը։

STMicroelectronics-ի հզոր հետազոտական ներկայությունը Գրենոբլում և առաջատար փորձառությունը նախագծման, փաթեթավորման և արտադրական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած փորձը լիովին համահունչ են Հայաստանի նպատակին, այն է՝ զարգացնել կիսահաղորդչային նախագծման, հավաքման և փորձարկման կարողությունները։ Այդ ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները խթանվում են պետական աջակցությամբ և ակադեմիական ու արդյունաբերական ոլորտների համագործակցության խորացմամբ։

Նշենք, որ ընկերությունը  համաշխարհային առաջատար է  կիսահաղորդիչների նախագծման և արտադրության ոլորտում՝ սպասարկելով ավտոմոբիլային, արդյունաբերական և «Ինտերնետի իրերի» (IoT) ոլորտները։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում