Բելգիայի hայ բժիշկների ասոցիացիան՝ մասնագիտական համախմբման և հայրենանվեր առաքելության պատմություն
6 րոպեի ընթերցում
Բելգիայում հայ բժիշկների ներկայությունը նոր չէ, սակայն վերջին տարիներին նոր սերունդ է ձևավորվել՝ Հայաստանում կրթություն ստացած և Բելգիայում դիպլոմները վավերացրած մասնագետներով։ Նրանց միավորելու գաղափարը ծնվել էր վաղուց՝ բժիշկ Պողոս Յալիմի և հոգեբան Լիզա Աբաջյանի մոտ, սակայն տարբեր պատճառներով այն ժամանակ այդ նախաձեռնությունը կյանքի չէր կոչվել։
Ասոցիացիայի ստեղծման իրական շարժառիթը դարձավ 2020 թվականի ղարաբաղյան 44-օրյա պատերազմը։ Երբ պատերազմը սկսվեց, Բելգիայում ապրող հայ բժիշկներն ու առողջապահական ոլորտի մասնագետները, մինչև այդ միմյանց չճանաչելով, սկսեցին կապ հաստատել միմյանց հետ՝ հասկանալու, թե ինչ օգնություն կարող են ցուցաբերել։ Տարբեր ցուցակներ էին հայտնվում անհրաժեշտ բժշկական պարագաների մասին, և այդ օրերին ծնվեց կազմակերպվելու, ուժերը համախմբելու և համակարգված օգնություն ցուցաբերելու գաղափարը։
Այդ գործընթացում պարզ դարձավ, որ Բելգիայում գործող հայ բժշկական համայնքը բավականին մեծ է՝ ներառյալ հոգեբաններ, դեղագործներ, լաբորանտներ և այլն։ Կարճ ժամանակում ձևավորվեց շուրջ 70 հոգանոց խումբ, և պաշտոնապես ստեղծվեց Բելգիայի հայ բժիշկների ասոցիացիան (AMAB)։
Առաջին համանախագահները դարձան սրտաբան Դանիել Տիգրանյանը և հոգեբան Նունե Կարախանյանը, իսկ այժմ ղեկավարումը վստահված է Շաքե Բախշյանին և Համլետ Միրզոյանին։
Ասոցիացիան միավորում է ընտանեկան բժիշկների, հոգեբանների, սրտաբանների, ատամնաբույժների, ՔԿԱ (քիթ-կոկորդ-ականջ) մասնագետների և այլն։
Կազմակերպության ծրագրերը ֆինանսավորվում են անդամավճարի միջոցով, քանի որ արտաքին ֆինանսավորում կամ պետական աջակցություն չկա։
Հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի թույլ զարգացած շրջանների բուժհաստատություններին։ Օրինակ՝ Սյունիքի մարզում նախկինում մամոգրաֆիայի սարքավորում չկար․ այն ուղարկվեց ասոցիացիայի ջանքերով և միացվեց Հայաստանի ազգային սքրինինգային ծրագրին։
Բելգիայից, Շվեյցարիայից, Կանադայից և Ֆրանսիայից մասնագետների մասնակցությամբ իրականացվել են նաև մի քանի բժշկական այցեր՝ նույն Սյունիքի մարզ։
Ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ։ Դրանցից է Viva առողջապահական հիմնադրամը, որի հետ իրականացվել են ծրագրեր Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների համար, մասնավորապես՝ իրականացվել է ԼՂ-ից տեղահանվածների ապահովում էնդոկրինոլոգիական դեղորայքով։ Նույն Viva-ի հետ մասնակցել են սահմանային շրջանների բուժօգնության բունկերների կառուցման ֆինանսավորմանը։
Բելգիահայ հոգեբանների նախաձեռնությամբ հաստատվել է կապ նաև Հայաստանի «Ինթրա» հոգեբանական կենտրոնի հետ։ 2023-ին կազմակերպվել է հոգեբանական կոնֆերանս Բրյուսելում, որին մասնակցել են մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Բելգիայից։
Ասոցիացիան կարևորում է նաև աջակցությունը երիտասարդ հայ ուսանողներին ու բժիշկներին՝ տրամադրելով մասնագիտական փորձի, պրակտիկայի և կապերի հնարավորություններ։ Շատ ուսանողներ ներգրավված են եղել ասոցիացիայի հաղորդակցական և կազմակերպչական աշխատանքներում։
Անդամների մեծ մասը հայկական կրթությամբ մասնագետներ են, որոնք Բելգիայում անցել են երկար ու դժվար ճանապարհ՝ դիպլոմների ճանաչումից մինչև մասնագիտական հաստատում։ Նրանց միավորում է ընդհանուր փորձառությունն ու հայկական ինքնությունը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բելգիայի հայ բժիշկների ասոցիացիայի ղեկավար Շաքե Բախշյանը նշել է. «Մենք մեր երկիրը թողել ենք, բայց պարտքի զգացում ունենք։ Մենք մեր կրթությունը ստացել ենք Հայաստանում և ուզում ենք ինչ-որ կերպ օգտակար լինել մեր երկրին, թեկուզ հեռվից»
Նոյեմբերի 22-ին ասոցիացիայի նախաձեռնությամբ կկայանա բարեգործական համերգ-աճուրդ Բրյուսելի նշանավոր Villa Empain կենտրոնում։ Միջոցառման ամբողջ հասույթը կհատկացվի Արթիկի հիվանդանոցին, որտեղ այս պահին չկա օրթոպեդիկ վիրահատարան։
Նոր սարքավորումներով կահավորված վիրահատարանը հնարավորություն կտա, որ բժիշկ օրթոպեդ հաստատվի հենց Արթիկում՝ խուսափելով հիվանդների տեղափոխումից Գյումրի կամ Երևան։
Ասոցիացիան բաց է նաև ոչ առողջապահական նախաձեռնություններին աջակցելու համար։ Դոնորների օգնությամբ են հնարավոր դառնում նման ծրագրերը։ Բազմաթիվ կազմակերպություններ և բիզնեսի ներկայացուցիչներ արդեն իսկ աջակցում են առաջիկա բարեգործական միջոցառմանը։
Շաքե Բախշյանի խոսքով՝ իրենք Հայաստանի առողջապահական համակարգը փոխելու ամբիցիաներ չունեն։ «Մեր նպատակը կապեր ստեղծելն է, փորձի փոխանակումը, և պետք է հիշել, որ ամեն փոքր օգնությունն անգամ կարևոր է»,- նշեց նա։
Ասոցիացիան պարբերաբար կազմակերպում է առցանց սեմինարներ, մասնագիտական թրեյնինգներ և միջազգային համաժողովներ՝ ընդգծելով, որ սա ոչ թե սովորեցնելու, այլ փորձի փոխանակման հարթակ է։
Վերջերս Բելգիայի պատվիրակությունը մասնակցել է Մադրիդում կայացած հայ բժիշկների միջազգային կոնֆերանսին՝ վերահաստատելով, որ AMAB-ը ոչ միայն Բելգիայի, այլև համաշխարհային հայկական բժշկական համայնքի կարևոր օղակն է։
Բելգիայի հայ բժիշկների ասոցիացիան վառ օրինակ է, թե ինչպես կարող է մասնագիտական համախմբումը վերածվել հայրենանվեր առաքելության։
Նրանց գործունեությունը ցույց է տալիս, որ նույնիսկ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու հնարավոր է մնալ կապված, նվիրված և օգտակար՝ միաժամանակ պահպանելով հայկական հոգատարությունն ու մասնագիտական վեհ արժեքները։