Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին
2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության ուժերը նոր հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Լիբանանում՝ Բեկաա շրջանում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հարվածներ են հասցվել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի օբյեկտին։ Բեկաա շրջանում թիրախավորվել են ռազմավարական զենքի արտադրության և պահեստավորման օբյեկտները։
«Հեզբոլլահ»-ը շարունակում է փորձել վերականգնել իր ահաբեկչական ակտիվները Լիբանանի ողջ տարածքում։ «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքների առկայությունը և նրա գործունեությունն այս տարածքներում Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերի խախտում է», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած 2024 թվականի նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրի: Իսրայելական ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական վայրերում, ինչը Լիբանանի իշխանությունները համարում են շարունակական օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի № 1701 բանաձևի խախտում:
Իսրայելական բանակն իր հերթին պնդում է, որ հարվածները ուղղված են «Հեզբոլլահ»-ի ռազմական ենթակառուցվածքներին և վերացնում են նրա ռազմական թևի ղեկավարությանը: Իսրայելը բազմիցս ընդգծել է, որ կշարունակի հարվածել Լիբանանին՝ շիական դիմադրության կողմից ներկայացվող սպառնալիքը վերացնելու համար: