ՀՀ-ԵՄ հարաբերությունները կայուն կերպով զարգանում են՝ ներառելով նաև կրթական բարեփոխումների ոլորտը
8 րոպեի ընթերցում

ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսություն կրթական բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի շրջանակում նախանշված հերթական հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում նշեց, որ կրթության ոլորտում ԵՄ-ի հետ հայկական կողմի համագործակցությունն օրինակելի է, որովհետև, hետ նայելով անցած ճանապարհին, կարելի է տեսնել, որ տվյալ բնագավառի բարեփոխումների ու ձեռքբերումների հիմնական մասը հենց վերոհիշյալ համագործակցության արդյունքն է։
«Մենք ԵՄ-ի հետ աշխատում ենք տևական ժամանակ Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ, և մասնավորապես հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումները սկիզբ են առել հենց համատեղ ծրագրերի շրջանակում, իսկ այսօր արդեն արձանագրել են արդյունքներ, որոնք օրինակելի են և ուսանելի տարբեր երկրների համար։ Խոսքը վերաբերում է մասնավորապես հանրակրթության չափորոշչի բարեփոխմանը։ Համատեղ ջանքերով հաղթահարում ենք դժվարություններն ու առաջ գնում, ինչի տրամաբանական շարունակությունը բյուջետային աջակցության այն ծրագիրն է, որն իրականացնում ենք միասին, և որն ուղղված է նույն նպատակների իրականացմանը՝ ամրապնդելով հանրակրթության նոր չափորոշչի տրամաբանությունը, ստեղծելով նոր հնարավորություններ մեր երեխաների բարձրորակ կրթության համար»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Անդրեասյանը հավելեց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը նույնպես ցուցաբերում է սերտ աջակցություն կրթության ռազմավարության իրականացման ողջ ընթացքում՝ համակարգելով գործընթացը, հետևաբար այդ աշխատանքը հնարավորություն է տալիս միասին անցկացնել նաև տարաբնույթ միջոցառումներ։
«Կրթության ռազմավարությունը մեր երկրում ամենակարևոր փաստաթղթերից մեկն է։ Այսօր արձանագրում ենք, որ կրթությունը մեր ռազմավարությունն է յուրաքանչյուր ոլորտում, իսկ սա, իհարկե, շատ մեծ հանձնառություն և պատասխանատվություն է՝ կրթության ոլորտի միջոցով նաև հանրային տնտեսական զարգացման բազմաթիվ խնդիրներին լուծում տալու առումով։ Այդ տեսանկյունից ուղիղ ճանապարհը մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման խնդիրն է, որպեսզի մենք ունենանք այն ռեսուրսը, որն ունակ է լուծել երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու գրանցել հանրային զարգացման նոր ցուցանիշներ»,- ասաց Անդրեասյանը։
Նա գոհունակությամբ նշեց, որ արդեն իրականություն է դարձել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքը, և քննարկման է ներկայացվել նաև գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որը նույնպես կարևորագույն փաստաթղթերից է։
«Այսօր գիտության միջազգային օրն է, ուստի շնորհավորելով գիտական համայնքին՝ նաև արձանագրում ենք, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը մեր կողմից դիտարկվում են որպես անքակտելի միասնություն»,-եզրափակեց ԿԳՄՍ նախարարը։
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը նշեց, որ մարդկային կապիտալի և կրթության մեջ ներդրումներ անելը համատեղ աշխատանքի առաջնահերթություններից է, ինչը Հայաստանի համար նույնպես գերակա ուղղություն է։

«Կարևոր է բարձրացնել երկրի դիմակայունության աստիճանը և հմտությունների ու կարողությունների զարգացման մակարդակը։ Հայաստանում մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը, որի նպատակներից մեկն էլ մարդկանց հաղորդակից դարձնելն է ժողովրդավարական արժեքներին։ Միասնական աշխատանքը կառույցների ուժեղացման ուղղությամբ նույնպես կարևոր բաղադրիչներից է։ Մեզ պետք են հմտություններով օժտված իրազեկ քաղաքացիներ, որոնք հստակ պատկերացնում են, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջը։ Մեդիագրագիտությունը բարելավելու նպատակով նախատեսել ենք մի շարք համատեղ միջոցառումների անցկացում։ Ցանկանում ենք, որպեսզի կրթական բարեփոխումների գործընթացը շարունակվի, ինչը մեր համագործակցության կարևորագույն բաղադրիչներից է»,- ասաց Մարագոսը։
Նրա հավաստմամբ՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կայուն կերպով զարգանում են։ Մարագոսը հիշեցրեց, որ հուլիսին Հայաստան ժամանեց ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ քննարկելու համագործակցությունն անվտանգության և այլ ոլորտներում, ինչպես նաև նախապատրաստելու գործընկերության նոր օրակարգը, ինչի շնորհիվ հարաբերությունները կհասնեն ռազմավարական մակարդակի։
«Անցյալ շաբաթ ունեցանք ևս մեկ առաջընթաց՝ կապված վիզաների ազատականացման ծրագրի շրջանակում կատարված գործողությունների հետ։ Ներկայում ԵՄ-ն միայն Հայաստանի հետ է քննարկում վիզաների ազատականացման հարցը, ինչը երկկողմ հարաբերություններում շատ կարևոր նվաճում է։ Ակնկալում ենք, որ վիզաների ազատականացման ծրագիրը կյանքի կկոչվի։ Մենք Հայաստանում աշխատում ենք միասնական թիմով և համատեղ միջոցներով աջակցում ենք ոչ միայն կրթության ոլորտին, այլև աշխատում ենք համագործակցություն հաստատել տարբեր ուղղություններով։ ԹՈՒՄՈՆ հայկական բրենդներից մեկն է, որ արտահանվում է այլ երկրներ։ Սա շատ կարևոր ձեռքբերում է, և մեզ համար կրկնակի հաճելի է քննարկել համագործակցության արդյունքները նաև այս կազմակերպության հետ»,- ասաց Մարագոսը։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդը նշեց, որ ՀՀ-ի հետ քաղաքական երկխոսությունների շարքը նպատակ ունի աջակցել տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու քննարկել նոր նախաձեռնությունները։

«Հերթական երկխոսությունն ընթանում է շատ կարևոր հանգրվանում, քանզի Հայաստանը շուտով կհասնի կրթության զարգացման պետական ծրագրի միջնակետին, ինչը շատ կարևոր և հավակնոտ փաստաթուղթ է կրթության ոլորտի համար։ Մենք հայկական կողմին ցուցաբերել ենք տեխնիկական աջակցություն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումը, դպրոցների կառավարման բարեփոխումները, մոնիթորիգի և բյուջետավորման ծրագրի հաստատումը, երիտասարդների ներգրավումը բարեփոխումների գործընթացում։ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ծավալը շատ մեծ է՝ ընդգրկելով բոլոր մակարդակները»,- ասաց Վայգանդը։
Նրա դիտարկմամբ՝ անչափ կարևոր է գործողությունների հետևողականությունն ու համապատասխանեցումը տարբեր մակարդակների միջև։ Ըստ նրա՝ երկրորդ մարտահրավերը կապված է միջնակարգ կրթության հետ, քանզի փորձը ցույց է տալիս, որ երբ միջնակարգ կրթությունն ուժեղ է, ապա մատաղ սերնդի համար սահուն ճանապարհ է հարթում մասնագիտություն ընտրելու հարցում, իսկ երրորդ մարտահրավերը կապված է բարեփոխումների բնույթի և ընթացքի հետ, որովհետև նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառումը բոլոր բնագավառներում հետզհետե դառնում է անհրաժեշտություն՝ հիմնովին փոխելով աշխատաոճը, ստեղծարար գործունեությունն ու խնդիրների լուծումը։
«Մենք պետք է արմատապես վերանայենք, թե ինչպիսի հմտություններ ու մեթոդներ են պետք, որպեսզի ուսումնառությունը դառնա ավելի բարձրորակ։ Հայաստանն արդիականացնում է իր կրթական համակարգը՝ լիարժեք արձագանքելով կարևոր հարցումներին։ Հայաստանցիները նույնպես պետք է դառնան էլեկտրոնային դարաշրջանի լիարժեք քաղաքացիներ, ուստի կարող ենք հավաստիացնել, որ մեր ու ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումները բավականին խոստումնալից են»,-եզրափակեց Վայգանդը։