Ռուս փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է հաշվի առնի Հարավային Կովկասում տեղի ունեցող նոր իրողություններն ու փոփոխությունները
5 րոպեի ընթերցում
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու «Թրամփի ուղի»-ն արտացոլում են աշխարհաքաղաքականության տրամաբանությունից տնտեսական տրամաբանության անցնելու կարևորությունը, արտացոլում են այն ամենը, ինչն այսօր տեղի է ունենում Հարավային Կովկասում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ տեսակետը «Օրբելի ֆորում 2025. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովում հայտնեց ՌԴ Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների հետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Վիկտորիա Ժուռավլյովան։
«Հարավային Կովկասը տևական ժամանակ եղել է հակամարտությունների ուղեծրում, և հենց այդ հանգամանքով են պայմանավորված եղել պետությունների դիրքորոշումները միմյանց նկատմամբ։ Հակասական մոտեցումներն արգելակել են ցանկացած զարգացման հնարավորություն։ Տնտեսությունը նախևառաջ փոխշահավետ համագործակցություն է, տնտեսական առողջ մրցակցությունն իր հերթին ցույց է տալիս, որ դրանից կարող են շահել բոլոր կողմերը։ Ռուսաստանը խթանելու է Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկումը, մասնակցելու է նաև այն նախաձեռնությանը, որն առաջ է քաշել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Բոլոր նախագծերն էլ ստեղծում են նախադրյալներ ընդգրկուն և համակողմանի զարգացման համար՝ մեծացնելով յուրաքանչյուր երկրի հնարավորությունները»,- ասաց Ժուռավլյովան։
Ըստ նրա՝ որքան շատ են երկրները ներդնում ջանքեր տվյալ տարածաշրջանի զարգացման գործում, այնքան ավելի շատ օգուտներ են ստանում դրանից, և հիմա այդ մոտեցմամբ առաջնորդվում են գրեթե բոլոր շահագրգիռ կողմերը, որոնցից մեկն էլ Ռուսաստանն է։
«Թրամփն առաջարկել է յուրատեսակ գործարք, որի հիմքում նախևառաջ ԱՄՆ-ի շահերն են, ինչը բնական է, որովհետև ցանկացած երկիր, որն ուզում է որոշակի ներդրում կատարել Հարավային Կովկասում, նախևառաջ հաշվի է առնում իր ազգային, կենսական շահերը։ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու տեսակետը պայմանավորված է կոնֆլիկտայնության գործոնով, հետևաբար պետք է հաղթահարել այն։ Դա չի նշանակում, որ պետք է հաշվի չառնենք տարածաշրջանային պատմական իրողությունները, հաշվի չառնենք ցանկացած երկրի ցավը, բայց դա նշանակում է նաև, որ հնարավոր է օգտագործել ցավը որպես հարաբերությունների զարգացման էներգիա, որպես կոնֆլիկտայնության շրջանակներից դուրս գալու հնարավորություն»,- ասաց ռուսաստանցի փորձագետը։
Նրա համոզմամբ՝ տարածաշրջանում բավականին բարդ հարաբերություններ ունեցող երկրների համար դա միակ ճանապարհն է, ինչը թույլ կտա այլևս չվերադառնալ հակամարտությունների ժամանակաշրջանին։
«Երբ խոսում ենք կոնֆլիկտային հարաբերությունների մասին, առաջին պլան են մղվում Հայաստանն ու Ադրբեջանը, Հայաստանն ու Թուրքիան, որոնք կարծես թե դարձել են ստեղծված իրավիճակի պատանդները։ Դա նույն հաջողությամբ վերաբերում է նաև Ռուսաստանին և ԱՄՆ-ին։ Խորհրդային Միության փլուզումից և Սառը պատերազմի ավարտից հետո անցել է երեսուն տարի, սակայն երկրները տակավին գտնվում են հակամարտության կերպարի մեջ, ինչը փակ շղթա է և խանգարում է բոլորին հասնել հարաբերությունների նոր սահմանագծին և այն հնարավորություններին, որոնք ընձեռում են այդ հարաբերությունները։ Իրավիճակից դուրս գալու նպատակով անհրաժեշտ որոշումների կայացման համար պետք է քաղաքական կամք և խիզախություն, նարատիվնեերի փոփոխություն»,- պնդեց Ժուռավյովան։
Փորձագետի կարծիքով՝ յուրաքանչյուր երկիր կարող է մասնակցել տարածաշրջանային նախագծերի իրականացմանը, հենց այդ նպատակով է շրջանառվում միասնական տարածության գաղափարը, որտեղ երկրները կարող են ունենալ տնտեսական ահռելի դիվիդենտներ։
«Այդ ամենը Ռուսաստանից նույնպես պահանջում է կատարել մեծ քայլեր, հասկանալ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հարավային Կովկասում, դուրս գալ պատմականորեն ձևավորված սահմանափակումների տիրույթից և չվախենալ նոր մարտահրավերներից։ Հենց դրան է միտված նաև ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»,- եզրափակեց ռուսաստանցի փորձագետը։