«Ակադեմիական քաղաք» ծրագիրը մտել է գործնական իրագործման փուլ. ԿԳՄՍ նախարար
2 րոպեի ընթերցում

«Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնությունը մտել է գործնական իրագործման փուլ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում։
Նախարարի խոսքով՝ նախագծի համար 2026 թվականի բյուջեով նախատեսված է մոտ 5 միլիարդ դրամ, ինչը գրեթե կրկնակի է 2025 թվականի հատկացումներից։
«Մենք մտել ենք «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործնական իրագործման փուլ։ Վերջերս ամփոփվեց 14 քաղաքային բնակավայրում անցկացված հանրային արշավը, ինչպես նաև հոկտեմբերի 20-21-ին տեղի ունեցած միջազգային համաժողովը, որին մասնակցեցին ՀՀ բուհերի և տարբեր երկրների պատվիրակություններ։ Արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին ծրագրի մրցունակությունն ու հանրային զարգացման համար ունեցած հեղափոխական նշանակությունը»,-նշեց Անդրեասյանը։
Նախարարը հայտնեց, որ ներկայում «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագիծը գտնվում է ամփոփման փուլում, և աշխատանքները շարունակվում են՝ համաձայն գործող օրենսդրական կարգավորումների։
Նա նաև ընդգծեց, որ այս շաբաթ կմեկնարկեն տարածքի մաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված է մասնագիտացված ծառայություն։ «Հանրությանը կոչ եմ անում մասնակից դառնալ մաքրման գործընթացին։ Սա բոլորիս համատեղ նախաձեռնությունն է»,-ասաց նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ ներդրումային պլանը մշակվում է հեղինակավոր խորհրդատվական կազմակերպության կողմից։
Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է կառուցել տեխնոլոգիական կլաստեր, մոտ 3600 ուսանողի համար նախատեսված կացարաններ, ինչպես նաև անհրաժեշտ կրթական և սոցիալական ենթակառուցվածքներ։
«Ծրագրի բոլոր ֆինանսական և կառուցողական մանրամասները ներառված են պետական բյուջեում։ Աշխատանքները կիրականացվեն նաև հավելյալ ներդրումների ներգրավմամբ»,-ամփոփեց ԿԳՄՍ նախարարը։