Քաղաքականություն

Փաշինյանը Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման առաջին շահառու է համարում նաև Կենտրոնական Ասիայի երկրներին

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման առաջին շահառու է համարում նաև Կենտրոնական Ասիայի երկրներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման առաջին շահառուներից է համարում նաև Կենտրոնական Ասիայի երկրներին:

«Հայաստանը և Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ են, Եվրասիական տնտեսական միությունն ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ հոսքի մասին է, բայց, երբ այսօր նայում ենք մեր փոխադարձ առևտրաշրջանառությանը, տեսնում ենք, որ այն ԵԱՏՄ տրամաբանությանը չի համապատասխանում, որովհետև էականորեն նվազ է փոխադարձ առևտուրը: Մեր միջև հաղորդակցության ուղիները երկար են և թանկ: Այս օրերին Ղազախստանից երկաթուղով հացահատիկ է գալիս Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և ես բարձր եմ գնահատում այս քայլը։ Եվ սրա առաջին շահառուն նաև Կենտրոնական Ասիայի երկրներն են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում ունեցած ելույթում ասաց ՀՀ վարչապետը։ 

Վարչապետն ընդգծեց՝ մեծ ցանկություն կա խորացնելու նաև Ուզբեկստանի հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունները, բայց այդ ճանապարհին բազմաթիվ լոգիստիկ խնդիրներ կան, որոնց լուծմանը կնպաստեն նաև այս նախագծերը: 

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք հենց այսօր ապահովել Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումը Մարգարայով և Խնձորեսկով: Այս պահին դրանք միակ ուղիներն են, որտեղ բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները պատրաստ են»,- ասաց վարչապետը:

Հայաստանի վարչապետը վերահաստատեց՝ տարածաշրջանի ապաշրջափակումը ձեռնտու է ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլև Իրանին, Վրաստանին, Թուրքիային, Ռուսաստանին և Կենտրոնական Ասիայի երկրներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում