Մինչև հաջորդ տարվա ապրիլ Ծիծեռնակաբերդում վերանորոգման աշխատանքները կավարտվեն․ Ժաննա Անդրեասյան
2 րոպեի ընթերցում
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկած վերանորոգման աշխատանքները շարունակվում են նախատեսված գրաֆիկով և կավարտվեն մինչև 2026 թվականի ապրիլ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ծիծեռնակաբերդում անում ենք անհրաժեշտ աշխատանքները, որոնք շարունակվում են։ Ես ինքս ամեն շաբաթ լինում եմ հուշահամալիրում՝ հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին։ Ամբողջ գործընթացը վերահսկվում է մասնագիտական կազմի կողմից՝ թե՛ տեխնիկական, թե՛ հեղինակային հսկողություն իրականացնող մասնագետների, ինչպես նաև գիտամեթոդական խորհրդի մասնակցությամբ»,-նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ կիրառվող տեխնոլոգիաները նոր չեն․ նույն մեթոդով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև 2015 թվականին, և այժմ կիրառվող լուծումները բազմիցս քննարկվել են գիտամեթոդական խորհրդում՝ մասնագիտական եզրակացությունների հիման վրա։
«Հուշահամալիրի հեղինակն ու մասնագետները բազմաթիվ հետազոտությունների, այդ թվում ՝ ուլտրաձայնային չափումների արդյունքում են առաջարկել այս տեխնոլոգիական լուծումները։ Ծիծեռնակաբերդում նույնիսկ մեկ միլիմետր փոփոխությունը կատարվում է համապատասխան ընթացակարգերով»,-ընդգծեց Անդրեասյանը՝ հավելելով, որ ցանկացած քաղաքացի, որը հետաքրքրված է, կարող է գալ տեղում և ներկա լինել մասնագիտական քննարկումներին։
Նախարարը կոչ է արել դադարեցնել հուշահամալիրի վերանորոգման շուրջ տարածվող ապատեղեկատվությունը՝ հավելելով, որ թանգարանն ու հուշահամալիրը բաց են այցելուների համար, իսկ աշխատանքներն իրականացվում են այնպես, որ որևէ կերպ չխանգարեն այցելուների մուտքին։
«Մինչև ապրիլ այս պահին սկսված աշխատանքները ավարտվելու են»,- եզրափակեց նախարարը։