Ֆրանկոֆոն թատերական հանդիպում՝ Երևանում. այն նվիրված է հանրահայտ դրամատուրգ Մատեի Վիշնիեկին

5 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկում է «Հայաստանում ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ» նախագծի 7-րդ թողարկումը, որը կրում է «Մատեի Վիշնիեկ․ բազմաձայն թատերական հյուսվածք» խորագիրը։ Այս տարի միջոցառումը նվիրվում է ժամանակակից հանրահայտ դրամատուրգ Մատեի Վիշնիեկին, որի պիեսները բեմադրվել են աշխարհի բազմաթիվ թատերաբեմերում՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով թե՛ մասնագետների, թե՛ հանդիսատեսի շրջանում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայաստանում ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ» նախագծի համահիմնադիր Լուսինե Աբգարյանը նշեց, որ բավական հագեցած ծրագրով են հանդես գալիս։ 

«Բավական երկար ժամանակ է որոշել էինք Մատեի Վիշնիեկի թատերգերը ներկայացնել հայ հանդիսատեսին, ընթերցողին, թատերական ոլորտի մասնագետներին։ Որոշում կայացվեց այս տարվա թատերական հանդիպումները նվիրել նրա ստեղծագործություններին։ Ծրագիրը բավական հագեցած է, երևանյան մի շարք հարթակներում ունենք տարբեր միջոցառումներ, այդ թվում գրական հանդիպումներ, թատերական ընթերցումներ և ներկայացումներ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում, ինչպես նաև Մատեի Վիշնիեկի պիեսների հայերեն թարգմանության շնորհանդեսը»,-ասաց Լուսինե Աբգարյանը։ 

«Հայաստանում ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ» նախագծի համահիմնադիր Անի Ջանիկյանի խոսքով՝ ամեն տարի իրենց նախաձեռնություններն ունենում են նաև մարզային բաղադրիչ։  

«Արդեն 7 տարի է փորձում ենք ներգրավել մարզերի։ Առիթ ենք ունեցել հյուրընկալելու Բելգիայից, Շվեյցարիայից ժամանած դրամատուրգների ու տարիներ են եղել, որ այդ դրամատուրգների հետ հանդիպումները կազմակերպել ենք մարզային քաղաքներում՝ Գյումրիում, Գորիսում։ Այս տարի ավելի կենտրոնացել ենք Երևանի վրա, սակայն Գյումրու մտորումների թատրոնը կժամանի Երևան ու կներկայացնի Մատեի Վիշնիեկի թատերգերից մեկը»,-ասաց Անի Ջանիկյանը։ 

«Հայաստանում ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ» նախագծի շրջանակում ոչ միայն թարգմանվում են ֆրանկոֆոն երկրների դրամատուրգների աշխատանքները, այլև դրանք բեմականացվում են։ Անի Ջանիկյանը նշեց, որ նպատակ է դրված այս գործընթացներում ներգրավել երիտասարդությանը։ 

«Տարբեր երկրների հեղինակներից արդեն 11 աշխատանք ունենք թարգմանած։ Բազմաթիվ արձագանքներ ենք ունեցել, երբ երիտասարդ փորձարարական թատերախմբերը դրանք վերցրել են, բեմադրել, ավելին, մասնակցել են միջազգային փառատոնների։ Այս առումով ունենք հաջող արդյունքներ»,-ասաց Անի Ջանիկյանը։ 

Մատեի Վիշնիեկը ժամանել է Հայաստան անձամբ մասնակցելու միջոցառումներին։ Նախագծի շրջանակում Ռումինիայի Բրաշով քաղաքից Երևան կժամանի Antiteatru թատրոնը, որը Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում կներկայացնի Վիշնիեկի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Կինը՝ մարտադաշտ» ներկայացումը։ 

«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում։ Ձեր երկիրն ի սկզբանե եղել է քրիստոնեական քաղաքակրթություն, հետագայում դարձել է համամարդկային՝ աշխարհին տալով մեծ անուններ։ Ինչ վերաբերում է իմ թատերգերի թարգմանությանը, ապա անհամբերությամբ եմ սպասում թարգմանիչների հետ հանդիպմանը։ Շատ եմ սիրում ոգևորված մարդկանց հետ աշխատելը։ Այս նախագիծը լավ հնարավորություն է նոր ծանոթությունների, համագործակցության համար»-ասաց Մատեի Վիշնիեկը։ 

Նախագիծն իրականացնում է «Ավանսեն» ֆրանկոֆոն թատերական ասոցիացիան՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և արևելյան Եվրոպայի գրասենյակի ղեկավար Էրիկ Պոպպը նշեց, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար շատ կարևոր գործընկեր է։ 

«Այս նախագիծն իր մեջ արտացոլում է ֆրանկոֆոն դրամատուրգիայի բազմազանությունը, ինչը կարևոր է։ Հայաստանը կարևոր գործընկեր է մեզ համար։ Ձեր երկիրը տարիներ առաջ հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, այս ընթացքում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն արդեն պաշտոնական 3 այցով եղել է Հայաստանում։ Ուզում եմ ասել, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակին տրամադրվող բյուջեի մի զգալի հատվածն ուղղվում է Հայաստանին»,-ասաց Էրիկ Պոպպը։ 

Նախագծի շրջանակում նախատեսվում է հաջորդիվ անդրադարձ կատարել  ֆրանկոֆոն երկրներում ապրող հայ հեղինակներին, որոնք ստեղծագործում են ֆրանսերենով։ 

Հայերեն

«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Իրինա Յոլյանի թեկնածությունը

Օսկարակիր ռեժիսոր Ռիդլի Սքոթին է հանձնվել STARMUS փառատոնի Սթիվեն Հոքինգի անվան մեդալը

Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար․ Ռուբինյանն արձագանքել է Վոլոդինի հայտարարություններին

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Դատախազություն

ՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը