Աշխարհ

Ճապոնիայի նորընտիր վարչապետը պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի նորընտիր վարչապետը պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ

Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիտին հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ անցկացնել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ճապոնական Kyodo գործակալությունը, այս մասին նա խոսել է մի միջոցառման շրջանակում, որը նվիրված է եղել այն ճապոնացիներին, ովքեր 1970-ականներին առևանգվել են Հյուսիսային Կորեայի հետախուզության կողմից։

«Ես արդեն փոխանցել եմ հյուսիսկորեական կողմին հաղորդագրությունն այն մասին, որ կցանկանայի ամենաբարձր մակարդակով հանդիպում անցկացնել»,- ասել է Տակաիտին։ Նա հայտարարել է, որ ցանկանում է որպես վարչապետ իր պաշտոնավարման ընթացքում բեկում մտցնել այս հարցում ու լուծել առևանգված քաղաքացիների խնդիրը։ 

Առևանգված ճապոնացիների հարցը դիվանագիտական կապեր չունեցող Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերություններում ամենացավոտ խնդիրներից մեկն է։ 2002 թվականին Հյուսիսային Կորեան առաջին անգամ ընդունել է Ճապոնիայի 13 քաղաքացու առևանգելու փաստը՝ նրանցից 5-ին թույլ տալով վերադառնալ հայրենիք։ Մնացածը մահացած են հայտարարվել, իսկ նրանց աճյուններն ուղարկվել են հարազատներին, սակայն դրանց իսկությունը պարզել չի հաջողվել։ 

2014 թվականին երկու երկրի կառավարությունները համաձայնության էին եկել առևանգման գործով նոր հետաքննություն իրականացնել, սակայն դրանով զբաղվող հանձնաժողովը կարճ ժամանակ անց Հյուսիսային Կորեայի նախաձեռնությամբ լուծարվել է։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում