Հայաստան

Վարչապետը պարզաբանել է թվայնացման ոլորտում հեղափոխական փոփոխությունների չհասնելու պատճառը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը պարզաբանել է թվայնացման ոլորտում հեղափոխական փոփոխությունների չհասնելու պատճառը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու Կառավարությանը դեռևս չի հաջողվում թվայնացման ոլորտում հեղափոխական փոփոխություններ իրականացնել:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսեց Երևանում «Թվային երկխոսություն. Էստոնիա-Հայաստան» աշխատաժողովի շրջանակում իր ելույթում: 

Վարչապետը նշեց, որ կառավարությունը շատ վաղուց ունի թվայնացման վերաբերյալ ռազմավարություն: Տարեսկզբին ինքը բոլոր նախարարությունների առաջ խնդիր է դրել այս տարվա առաջնահերթությունների վերաբերյալ: Բոլոր նախարարությունների առաջին առաջնահերթությունը թվայնացումն է: 

«Ուզում եմ պարզաբանել իմ վերլուծությունը, թե ինչու մեզ չի հաջողվում թվայնացման ոլորտում հեղափոխական փոփոխություններ իրականացնել կամ իրականացնել առնվազն այն տեմպերով, որ մենք կցանկանայինք: Իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա ֆունդամենտալ պատճառներից մեկն այն է, որ մենք այնքան էլ լավ չգիտենք, թե ինչ է թվայնացումը, ինչի համար է թվայնացումն ու ինչ կողմեր և շերտեր ունի: Եվ մեր չիմացությունը մեր առաջընթացի դանդաղության հիմնական պատճառն է»,-ասաց Փաշինյանը: 

Թվայնացման շուրջ աշխատանքի շրջանակում վարչապետը տեսել է նաև խնդիրները՝ փորձագիտական մակարդակում: Նա հավելեց՝ հիշում է տասնյակ քննարկումներ Էստոնիայի փորձի վերաբերյալ: 

Նա նշեց, որ աշխատաժողովը կազմակերպելու միտքն առաջացել է իր՝ Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, երբ այցելել է e-Estonia Briefing տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կենտրոն: Գաղափար է առաջացել e-Estonia Briefing Centre-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմին հրավիրել Հայաստան, որ նա ներկայացնի, թե ինչ է թվայնացումը, ինչի համար է այն և ինչպես է օգտագործվում: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում