Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է Amazon Web Services ընկերության ներկայացուցչի հետ

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է Amazon Web Services ընկերության ներկայացուցչի հետ

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության Եվրոպայի անվտանգության կարգավորման հարցերով զբաղվող խմբի ղեկավար Էնդրյու Վենեկոտերի և Միջերկրական Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր իրավաբան Մերի Կորչիոնեի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ 

Նշվում է, որ հանդիպման նպատակն էր քննարկել տեխնոլոգիական ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, մասնավորապես, AWS-ի գլոբալ փորձագիտությունը և կիբեռանվտանգության կառավարման վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև խթանել փոխշահավետ համագործակցությունը և նորարարական նախագծերի իրականացումը։

Իր խոսքում նախարար Հայրապետյանն ընդգծել է AWS-ի հետ համագործակցության կարևորությունը՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և միջազգային գործընկերությունների ընդլայնման տեսանկյունից։

AWS-ի Եվրոպայի անվտանգության կարգավորման հարցերով զբաղվող խմբի ղեկավար Էնդրյու Վենեկոտերն իր հերթին ներկայացրել է ընկերության փորձը՝  սեփական ենթակառուցվածքների և հաճախորդների կիբեռպաշտպանության ապահովման, ինչպես նաև տվյալների քաղաքականության և արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ոլորտներում։ 

Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել համաշխարհային տեխնոլոգիական միտումներին, տարբեր ոլորտներում ամպային ծառայությունների ներդրման հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև թվային ինքնիշխանության մոդելին և AWS European Sovereign Cloud-ին։  

Նախարարն ընդգծել է, որ AWS-ի Եվրոպական ինքնիշխան ամպային ծառայությունը համապատասխանում է Հայաստանի ռազմավարական տեսլականին՝ համատեղելով տվյալների անվտանգությունը, նորարարական զարգացումները և տնտեսական առաջընթացը։

AWS-ի պատվիրակության ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի` թվայնացման ոլորտում արձանագրած կայուն և շարունակական առաջընթացը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները: 

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու և համատեղ ծրագրերով Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացմանը նպաստելու կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում